Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Զարգացման ֆրանսիական գործակալության Ասիայի գծով վարչության փոխտնօրեն Ժան-Կլոդ Պիրեսը եւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպենտիեն վարկային համաձայնագիր են ստորագրել:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե ելնելով ՀՀ՝ 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրից եւ ՀՀ կառավարության` 2014-2017թթ. գործունեության ծրագրից` Զարգացման ֆրանսիական գործակալությունը, Վեդու ջրամբարի ֆինանսավորման նպատակով, Հայաստանին կտրամադրի 75 մլն եվրո վարկ՝ 20 տարի մարման ժամկետով, որից 6-ն` արտոնյալ:
«Համաձայնագրի ստորագրումը մեր երկրի գյուղատնտեսության զարգացմանն ուղղված լրջագույն քայլ է, որը կխթանի նաեւ բնակչության զբաղվածությունը»,-նկատել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ առաջիկայում անհրաժեշտ է Ֆրանսիայի հետ համագործակցության նոր ուղիներ մշակել: «Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա մեղմել սակավաջրությունը Արարատյան դաշտավայրում, ինչպես նաեւ՝ մեխանիկական ոռոգումից անցում կատարել ինքնահոս համակարգի, ինչն, իր հերթին, կհանգեցնի էլեկտրաէներգիայի խնայողության»,-նշել է Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպենտիեն: