Վաղը՝ նոյեմբերի 1-ին, օրվա երկրորդ կեսին կտրվի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեկնարկը: Խորհրդարանում ներկայացված և խորհրդարանից դուրս քաղաքական կազմակերպությունները, առանձին կամ դաշինքներով, ներկայանալի և ոչ այնքան՝ քաղաքական փորձառու գործիչները մեկ ու կես ամիս անընդմեջ կներազդեն հանրության գիտակցության վրա՝ առանձին դեպքերում խտրություն չդնելով ներազդման միջոցների մեջ:
Հասարակական կարծիքի հավանական ճշգրտության ամնաբարձր մակարդակով անկասկած է այդ ընտրարշավի հաղթողը: Շատ վերապահումներ կան երկրորդ, երրորդ, չորրորդ և մնացած (եթե կլինեն) տեղերի վերաբերյալ:
Մինչ այժմ կազմակերպած համապետական ընտրությունների անցկացման ընդունված մեխանիզմները գրեթե չեն կարող աշխատող լինել այս ընտրարշավի ընթացքում:
Քաղաքական կազմակերպություններն ու քաղաքական դաշինքները պարտավոր են վերարժևորել հայաստանյան բոլոր գործընթացները սույն թվականի ապրիլից առ այսօր՝ հրաժարվելով այդ գործընթացների լուսաբանման և արժևորման ընդունված տեսական չափորոշիչներից և մոտեցումներից:
Քաղաքական այն կազմակերպություններն ու անհատ գործիչները, որոնք հայաստանյան այդ իրադարձությունները դիտարկում են պարզ` <<հեղափոխություն թե իշխանափոխություն>> սխեմատիկ հարթության վրա, ցուցաբերում են հասարակական զարգացումների գնահատման ժամանակակից ընկալումների բացակայություն:
Բոլոր տեսական բնութագրիչները, որոնք շրջանառվում են պատմագրության և քաղաքագիտության մեջ (այդ թվում նաև՝ համաշխարհային), բնութագրելով հեղափոխությունը որպես տեսություն, այլևս բավարար չեն 21-րդ դարի համար: Հասարակական տրանսֆորմացիաները ներկայումս շատ ավելի տարողունակ են և համընդգրկուն:
Այլևս անկասկած է հեղափոխությունների վերաբերյալ նոր, ժամանակակից տեսության մշակման անհրաժեշտությունը՝ պայմանավորված այն իրադարձություններով, որոնք տեղի ունեցան Հայաստանում ապրիլից առ այսօր:
Դասական պատկերացմամբ հեղափոխությունների ընթացքում փոփոխությունների են ենթարկվում հասարակական փոխհարաբերությունները, ենթադրելով նաև սոցիալական և տնտեսական փոփոխություններ:
Մեր դեպքում հասարակական փոխհարաբերությունները, կատարված ակնառու փոփոխություններով հանդերձ, ունեն կարևորագույն առանձնահատկություն. Հայաստանում տեղի է ունեցել նաև հասարակական փոխհարաբերությունների թռիչքային զարգացում: Հասարակական փոխհարաբերությունների թռիչքային զարգացման հնարավորությունը ընձեռնվեց այդ փոխհարաբերությունների փոփոխությունների ընթացքում կիրառված տեխնոլոգիաների բազմազանությամբ:
Կարևոր չէ, թե ապագայում ինչ բնութագրումներ կտան հեղափոխությունների տեսաբանները Հայաստանի 2018 թվականի համաժողովրդական իրադարձություններին (համազգային հեղափոխություն՝ (չէ ո՞ր Հայաստանի հետ էր ամբողջ սփյուռքը), հիբրիդային հեղափոխություն, թե այլ անվանում):
Կարևոր է, որ այդ հեղափոխությունը պայմանավորեց հեղափոխության տեսությունների ամբողջական վերանայման ,տրանսֆորմացիայի անհրաժեշտություն:
Անկասկած մեր հեղափոխությունը, կիրառման ունիվերսալությամբ, ապագայում նախադեպ կհանդիսանա այլ երկրների համար:
Կկարողանա՞ն քաղաքական կազմակերպություններն ու քաղաքական դաշինքներն ընտրապայքարին տրամադրված սուղ ժամկետում գնալ հասարակական փոխհարաբերությունների կտրուկ փոփոխության հետևանքով քաղաքական իրական պատվիրատու հանդիսացող քաղաքացու հետ համարժեք երկխոսության, հանրապետության առաջիկա Ազգային ժողով տանող ցանկացած այլ ճանապարհի բացակայության դեպքում: Կտեսնենք…