Շուրջ 150 տնտեսավարողների նկատմամբ նկատողություն է կիրառվել, ներառյալ՝ 7 գերիշխող սուպերմարկետների՝ «Երևան սիթի», «Նոր զովք», «Էվրիկա», «ՍԱՍ», «Կրպակ», «Պարմա», «ԷմՋի»: Այս մասին հայտարարեց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ նշելով, որ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է գերիշխող սուպերմարկետների գործունեությունը և բացահայտել մի շարք չարաշահումներ։
Ուսումնասիրության արդյուքները զեկուցող հանձնաժողովի վարչության պետի տեղակալ Արսեն Պետրոսյանը նշեց, որ հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել մանրածախ առևտրի ոլորտում և և իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզել, որ Երևան քաղաքում 7 առևտրային ցանց է գերիշխում, որոնք գործում են մայրաքաղաքի բոլոր շրջաններում։
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ փոքր և միջին առևտրային օբյեկտների համար խոչընդոտ են ոչ միայն ոլորտում գործող խոշոր ընկերությունները, այլև շուկայի հագեցվածությունը և եկամտաբերության ցածր մակարդակը, հարկերի բարձր դրույքաչափերը, բարձր վարձավճարները։
«Փոքր և միջին առևտրային օբյեկտները բողոքել են, որ խոշոր ցանցերը ապրանքների, օրինակ՝ կարագ, ձեթ, սուրճ և այլն, իրացման ցածր գներ ունեն, պատճառը՝ մատակարարներից միջինում 2-3 տոկոսով ավելի էժան են ձեռք են բերում»,- նշեց Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ գերիշխողներն իրենք են արտադրում և իրացնում հացը իրենց օբյեկտներում, անգամ մինչև 50 տոկոս իրացվող ալյուրը իրենց կողմից էլ ներմուծվում է։
«Ուսումնասիրության արդյունքում նաև բացահայտվել է, որ գերիշխող առևտրային ցանցերի կողմից իրենց մրցակից առևտրային ցանցերին ազատ մրցակցելու հնարավորության սահմանափակում կա, գերիշխողները մատակարարների կողմից խտրական մոտեցում են ստանում, խոշոր մատակարարները նաև առևտրային պայմաններ են կիրառում»,- հավելեց նա։
ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն իր հերթին ընդգծեց, որ սուպերմարկետները մատակարարների միջոցով պայմաններ են թելադրում մրցակից սուպերմարկետներին. «Տեսնում են, որ այլ սուպերմարկետներում ապրանքը էժան են վաճառում, պարտադրում են իրենց մատակարարներին, որ վերջիններս պահանջեն մրցակից սուպերմարկետներից՝ բարձրացնել այդ ապրանքների գները։ Եթե մատակարարը չի համաձայնվում՝ հրաժարվում են նրանց հետ աշխատել»։
Շաբոյանի խոսքով՝ խոշոր մատակարարները մանրերից պահանջում են իրենց համար անվճար մարքեթինգային ակցիա իրականացնել, հրաժարվում են ապրանք մատակարարել հրաժարվողներին․«Մրցակցային անհավասար պայմաններ են առաջացնում նրանք,- շեշտեց հանձնաժողովի նախագահը՝ հավելելով։ — Շուրջ 150 տնտեսավարողների նկատմամբ նկատողություն է կիրառվել, ներառյալ՝ 7 գերիշխող սուպերմարկետների։ Սա կանխարգելիչ բնույթ է կրում, եթե կրկնվի, հանձնաժողովը պատասխանատվության կենթարկի»։