Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն գրել է, որ այս տարվա մայիսի տնտեսական ցուցանիշը 7,3 տոկոս է: Araratnews.am-ը տնտեսագետ Ատոմ Մարգարյանից հետաքրքրվեց՝ սա լավատեսակա՞ն ցուցանիշ է, կառավարության լավ աշխատանքի գնահատակա՞ն:
Ատոմ Մարգարյանի կարծիքով՝ մեկ ցուցանիշով հնարավոր չէ տնտեսական իրավիճակի մասին դատել: «Բայց կարևոր է, որ տնտեսական աճը բարձր է, եւ մինչեւ տարեվերջ եթե այս կուտակողական էֆեկտը շարունակվի, մենք կունենանք շոշափելի զարգացում»,- ասաց տնտեսագետը:
Տնտեսագետի կարծիքով՝ 7-7,5 տոկոս աճը կառավարության որդեգրած ներառականությունն ապահովելու կարևոր նախապայմանն է:
Տնտեսագետը, սակայն, շեշտեց՝ պետք է հասկանալ՝ տնտեսական զարգացումը մակրոտնտեսական ի՛նչ ցուցանիշներով է ապահովվում՝ նկատի ունի գործազրկությունը, զբաղվածությունը, փոխարժեքի դինամիկան. «Այս պահին գնաճային լուրջ ճնշումներ չկան տնտեսությունում, անգամ հակառակ նշանն է, որը եւս լավ չէ: Դա նշանակում է, որ մակրոտնտեսական պահանջարկը բավարար մակարդակի չէ՝ պայմանավորված բնակչության ցածր գնողունակությամբ եւ ներդրումների սակավությամբ: Մյուս կողմից՝ աշխուժություն կա տնտեսության իրական հատվածում եւ գործազրկության մակարդակի որոշակի նվազեցում կա այս ժամանակահատվածում: Որոշակի մասը ստվերից հանված եւ ոչ ֆորմալ աշխատատեղերն են, որոնք փաստորեն հաշվառվում են, բայց մեծ հաշվով տնտեսության մեջ գործազրկության մակարդակը բարձր է»:
Ատոմ Մարգարյանը այլ ցուցանիշներ եւս ներկայացրեց: «Տնտեսական աճի առյուծի բաժինը ապահովում է ծառայությունների ոլորտը (առանց առեւտրի՝ 16%): Մյուս կողմից տնտեսության արտաքին հատվածում շարունակվում en անբարենպաստ միտումները: Թեեւ դանդաղ , բայց որոշակի տեմպերով վերականգնվում է արտահանումը, բայց արտահանման անկում ունենք 0,9 տոկոսով: Ներմուծման անկումը 3.4 տոկոս է: Ընդհանուր առմամբ արտաքին առեւտրաշրջանառությունը գրանցել է 2,6 տոկոսի անկում 5 ամսում: Բացի այդ՝ խնդիր կա էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում. գրանցվել է 7,4 տոկոս անկում»,- մանրամասնեց տնտեսագետը:
Մյուս կողմից, սակայն, մեր զրուցակցի խոսքով՝ նախորդ տարիների համեմատ 5 ամսվա տվյալներով միջին աշխատավարձի աճը 5,4 տոկոս է: «Դա ցույց տալիս, որ նոր արդյունքի վերաբաշխումը աշխատավարձի օգտին ավելացել է», — ասաց պարոն Մարգարյանը:
Ատոմ Մարգարյանը կարևորեց կառավարության հավատարիմ լինելը իր օրակարգին եւ ծրագրին, դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացումը: «Բնական մենաշնորհների ոլորտը դեռ անձեռնմխելի է, հատկապես գազի, էլեկտրաէներգիայի, ջրի ոլորտներում պետք է իմանանք ինչ է կատարվում, ֆինանսական ինչ հոսքեր կան: Մեծ հաշվով տնտեսական հաջողությունը պայմանավորված է այն բանով, թե տնտեսական ու ֆինանսական ռեսուրսները որքանով են հասանելի գործարար մարդուն: Այս իմաստով կա խնդիր տնտեսական քաղաքականության մեջ՝ նկատի ունեմ դրամավարկային ու հարկաբյուջետային քաղաքականությունը»,- ասաց Ատոմ Մարգարյանը:
Արդյոք Հարկային օրենսգիրքը, որն այսօր ընդունեց Ազգային ժողովը, կարո՞ղ է տնտեսական աճի խթան լինել: «Որոշ իմաստով կարող է խթան հանդիսանալ: Նկատի ունեմ ակցիզային, եկամտային, հարկային որոշակի ռեժիմները կարող են աշխուժացման հիմքեր ստեղծել: Բայց լավ կլիներ հարկային ամբողջ համակարգը համաձայնեցնել ԵԱՏՄ-ի եւ ընդհանրապես համաշխարհային միտումների հետ, որովհետեւ այսօր աշխարհում ավելի շատ պրոտեկցիոնիստական, հովանավորչական միտումներն են, հատկապես ռեալ հատվածը խթանում են ուղղակի հարկերը իջեցնելու առումով»,- պատասխանեց տնտեսագետը:
Սոնա Դավթյան