2013թ հունվար-սեպտեմբերին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է 395.6 մլն դոլար, որը 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 31.7%-ով, որից` օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ծավալը կազմել է 155.1 մլն դոլար և նվազել 62.1%-ով: Այս մասին ասվում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության` օրերս հրապարակած զեկույցում:
Նշենք, որ 27.5%-ով էլ օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել էին անցած տարի` 2012-ին` 2011-ի համեմատ: Նվազման միտում նկատվում է 2009թ. սկսած: Եվ սա այն դեպքում, երբ վերջին տարիներին կարծես թե գործարար միջավայրի որոշ բարելավում էր կատարվում: Մասնավորապես` այսօր արդեն Հայաստանում 15 րոպեում ինտերնետի միջոցով կարելի է բիզնես գրանցել: Վերջին տարիներին հարկերի վճարման գործում շահութահարկի կանխավճարները և շահութահարկի նվազագույն վճարումները կրճատվել են 8-ով, գույքահարկի և հողի հարկի վճարումները` 2-ով, պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվետվությունները` 8-ով: Երկարաձգվել է մինչև 70 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարողների մոտ տեսչական ստուգումների արգելքը : Այս տարվա սկզբից բոլոր հարկ վճարողները հաշվետվությունները ներկայացնում են բացառապես էլեկտրոնային եղանակով:
Սակայն դրանով հանդերձ` օտարերկրյա ներդրումները շեշտակի նվազել են: Սա չի էլ կարելի բացատրել 2008թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամով, քանի որ համաշխարհային տնտեսությունը 2011-ից կայուն աճի փուլ մտավ: Այնպես որ, միակ բացատրությունը մնում է այն, որ բազմաթիվ ոչ ֆորմալ պարամետրերով (չգրված օրենքներով) գործարար միջավայրն իրականում երկրում գնալով վատթարանում է:
Հայկ Մանուկյան