տուն Քաղաքական Հայաստան 50000-ը փոփոխման ենթակա չէ. Համազասպ Դանիելյան

50000-ը փոփոխման ենթակա չէ. Համազասպ Դանիելյան

269
0
Համազասպ Դանիելյան

Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստը:

Քննարկվում է «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:

Նախագծի համահեղինակ Համազասպ Դանիելյանն իր ելույթում մասնավորապես նշեց. 

«Շատ համառոտ հիշեցնեմ բովանդակությունը. ըստ էության, հանրաքվեի հետ ուղղակիորեն կապված չեն փոփոխությունները: Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքով, ինչպես նաև ՀՀ սահմանադրությամբ նախատեսված է մեխանիզմ, որի միջոցով քաղաքացիները բավարար քանակով ստորագրություն հավաքելու դեպքում կարող են իրենց ցանկացած օրենսդրական նախաձեռնությունը պարտադիր կարգով բերել ԱԺ օրակարգ: Սահմանադրությամբ ստորագրությունների թիվը ֆիքսած է 50000, և դա այն հոդվածն է, որը փոփոխության ենթակա է բացառապես հանրաքվեի միջոցով, հետևաբար՝ մենք որևէ կերպ ԱԺ-ում դա փոփոխության ենթարկել չենք կարող: Սա ինչո՞ւ եմ ընդգծում՝ որովհետև առաջին ընթերցմամբ քննարկումից հետո բազմաթիվ լրատվամիջոցներ հավանաբար սխալմամբ՝ չեմ կարծում, որ այնտեղ մտայնություն կար, հուսով եմ, որ մտայնություն չկար, սխալ տեղեկատվություն տարածեցին, թե իբրև նախաձեռնությունը վերաբերում է ստորագրությունների թվին: Թվային 50000-ը փոփոխման ենթակա չէ: Կան այլ պայմաններ, որոնք սահմանված են արդեն ոչ թե Սահմանադրությամբ, այլ սահմանադրական օրենքով. այն, թե քանի հոգի կարող են որպես նախաձեռնող խումբ հանդես գալ, որից հետո գրանցվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում արդեն բացվում է ստորագրությունների համար նախատեսված կայքէջ, որի միջոցով կարելի է նաև էլեկտրոնային ստորագրություններ հավաքել: Այս նախաձեռնությամբ մենք կրկնակի նվազեցնում ենք այն մարդկանց թիվը, որոնք անհրաժեշտ են այդ նախաձեռնությունը գրանցելու համար, ինչպես նաև երկարացնում ենք ժամանակահատվածը ստորագրությունները ներկայացնելու համար: Ընդհանուր տրամաբանությունը հետևյալն է. շատ կարևորելով քաղաքացիների մասնակցությունը ՀՀ քաղաքական օրակարգում, այդ թվում նաև պետական կառավարման ոլորտում և ընդհուպ մինչև իրենց օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու իրավունքը հարգելը՝ այս քայլով մենք փորձում ենք ևս մի խթան ներդնել ուղիղ ժողովրդավարության հետ կապված հնարավորություն տալ քաղաքացիներին ավելի հեշտ պայմաններում, հեշտացված ընթացակարգով հանդես գալ նման նախաձեռնությամբ: Իմ անձնական տեսակետը, որը մեծապես ձևավորվել է միջազգային փորձի հիման վրա, այն է, որ կանոնակարգումները, որ մենք ունենք մինչ այս պահը, բավական սահմանափակող են: Սահմանափակող են՝ թե օրերի քանակի առումով՝ նույն 50000 ստորագրություն հավաքելու համար պահանջվում է 45 օր, սահմանափակ են նաև այն առումով, թե ինչպես են գրանցվում նախաձեռնությունները։ Մենք փորձեցինք այս փոփոխությունն իրականացնել այս փուլում, քանի դեռ մեծ սահմանադրական փոփոխությունների փաթեթը տեղի չի ունեցել և, եթե կուզեք, այսպես մի հատ սիգնալ ուղարկել մեր քաղաքացիներին և հեշտացնելով հնարավորությունը, որով իրենք օրենսդրական նախաձեռնություն են բերել ԱԺ օրակարգ և նույն ընթացակարգով, ինչ մենք՝ պատգամավորներս կամ կառավարությունը նախաձեռնություն է ներկայացնում, գան այստեղ՝ Աժ, և ներկայացնեն իրենց նախաձեռնության էությունը… Այս նախաձեռնության փիլիսոփայության հիմքում քաղաքացիների ներգրավումն է, նրանց նկատմամբ վստահությունը և նրանց՝ սեփական երկրի կառավարմանը մասնակցելու հնարավորությունների ընդլայնումը»: