«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն առաջարկում է փոփոխություն կատարել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում եւ ոստիկանությանը գաղտնալսելու հնարավորություն տալ:
Araratnews.am-ը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է պատգամավորն այս օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնում, ի՞նչ է շահելու ոստիկանությունը: Պատգամավորը մանրամասնեց՝ այս նախաձեռնությունը հանցավորության դեմ պայքարի համար է: «Այսօր ոստիկանությունը հանցագործությունների մոտավորապես 80 տոկոսի պատասխանատուն է: Կարծում եմ՝ ոստիկանությունը պետք է ունենա հեռախոսային խոսակցությունները վերահսկելու տեխնիկական հնարավորություն»,- ասաց պատգամավորը:
Արմեն Խաչատրյանը հիշեցրեց՝ ոստիկանությունը հեռախոսային խոսակցությունը վերահսկելու հնարավորություն ունի, սակայն այն հիմա անում է դատարանի որոշումից հետո եւ ԱԱԾ-ի միջոցով:
Տեխնիկական հնարավորություն ասելով՝ պատգամավորը նկատի ունի նաև անհրաժեշտ սարքավորումների ներդնումը:
Եթե խորհրդարանն ընդունի այս նախաձեռնությունը, ապա պետական բյուջեից մոտավորապես 500.000 դոլար գումար կպահանջվի: Ընդ որում՝ գումարը բյուջեից կտրվի մեկ անգամ:
Ինչպիսի՞ն է միջազգային փորձը: Արմեն Խաչատրյանը հիշեցնում է՝ գրեթե բոլոր զարգացած երկրներում ոստիկանությունը վերահսկում է հեռախոսային խոսակցությունները առանց ԱԱԾ-ի թույլտվության միայն դատարանի վճռով: «Կարծում եմ՝ Ազգային անվտանգության ծառայությունը դեմ չի լինի այս նախաձեռնությանը, քանի որ այն կթեթեւացնի նաև կառույցի ծանրաբեռնվածությունը», ասաց Արմեն Խաչատրյանը:
Իր առաջարկը պատգամավորը քննարկել է նաև ոստիկանության հետ:
Ի դեպ, ոստիկանության հետ կապված օրենսդրական այլ նախաձեռնություններ պատգամավորի կողմից կլինեն:
Սոնա Դավթյան