Հայաստանի գլխավոր տոնածառը, որը կզարդարվի շուրջ 500 խաղալիքներով և 3800 լուսադիոդային լամպերով, իր ավարտուն տեսքը կստանա դեկտեմբերի 17-ին:
«Այդ օրը Երևանի քաղաքապետը Հանրապետության հրապարակում կմիացնի գլխավոր տոնածառի լույսերը, ինչով կտրվի ամանորյա միջոցառումների մեկնարկը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը մայրաքաղաքի ամանորյա միջոցառումների ցանկը ներկայացնելիս հայտարարեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը:
Տոնածառի բարձրությունը 32 մետր է, այն ձևավորվել է սոճու 6000 ճյուղերից , որոնք սանիտարական էտման արդյունքում տեղափոխվել են մարզերից:
Դեկտեմբերի 17-ին Հանրապետության հրապարակում կլինի տոնական համերգային ծրագիր, որին ելույթ կունենան հայ աստղերը, ինչին կհաջորդի հրավառություն:
Դեկտեմբերի 31-ին ժամը 21-ին Հանրապետության հրապարակում ևս մինչև ուշ գիշեր կշարունակվի տոնական համերգային ծրագիրը, որին կմասնակցեն հայկական էստրադայի ներկայացուցիչներ, համույթներ: Կեսգիշերին ևս կլինի հրավառություն:
Արազ Բաղդասարյանն այն կարծիքին չէ, որ անցած տարի Ամանորին մայրաքաղաքի արտաքին ձևավորումն ապահովելու համար տեղադրված լուսադիոդային կենդանիները՝ ջայլամները, ոչխարները, հեքիաթային կերպարները անճաշակ էին:
Սակայն ասաց, որ այս տարի նոր կենդանիներ և կերպարներ չեն ավելանալու, այսինքն՝ կօգտագործվեն հները:
Այս տարի ամանորյա զարդարման համար Երևանի քաղաքապետարանի հատկացրած գումարները նախորդ տարվա նման կազմելու են 20 միլիոն դրամ:
«Միայն այս գումարներով, ես ամեն անգամ խոսում եմ, որ դա կազմակերպել հնարավոր չէ, և ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին, ովքեր մեր կողքին էին, իրենց բյուջեների հաշվին նաև միջոցառումներ կազմակերպելով»,- շնորհակալություն հայտնեց Արազ Բաղդասարյանը:
Իսկ Երևան քաղաքում ամանորյա արտաքին ձևավորումն իրականացնելու է հայտարար «Ձևավորում» ընկերությունը, որը հաղթող է ճանաչվել հայտարարված մրցույթում:
Քաղաքապետարանի ներկայացուցիչները նշեցին, որ 2014 թվականի ամանորյա տոնակատարություններին՝ ընդառաջ՝ բոլոր վարչական շրջաններում ընթացքի մեջ են մայրաքաղաքի տոնական զարդարման աշխատանքները, յուրաքանչյուր համայնքի կենտրոնական հատվածում տեղադրվում են Ամանորի խորհրդանիշ տոնածառները:
Երևանի փողոցներին ամանորյա տրամադրություն ապահովելու են նաև գեղարվեստական լուսավորության զարդերը,որոնք տեղադրվում են բոլոր վարչական շրջանների կենտրոնական ավելի քան 50 փողոցներում: Գեղարվեստական լուսային ձևավորում կստանան 300-ից ավելի ծառեր՝ բոլոր վարչական շրջաններում:
Որոշակի շենքեր և մայրաքաղաքի տրանսպորտը ևս լուսային և անիմացիոն որոշակի ձևավորում կստանան՝ փաթիլներ, Ձմեռ պապիներ, կենդանիների՝ նպատակ ունենալով Ամանորին պահպանել հեքիաթային տեսք:
Երևանի քաղաքապետարանի կողմից մրցույթներ կհայտարարվեն խանութների արտաքին սրահների և քաղաքացիների պատշգամբների ձևավորման համար՝ ինչպես խրախուսական, այնպես էլ դրամական միջոցներով:
Հյուսիսային պողոտայում այս տարի արդեն երկրորդ անգամ կկազմակերպվի ամանորյա՝ Christmas Market տոնավաճառ, որտեղ հատուկ ձևավորված տնակներում, կվաճառվեն Ամանորը խորհրդանշող իրեր՝ քաղցրեղեն, գինի, խաղալիքներ:
«Եվ մեր քաղաքի հյուրերը գեղեցիկ Հյուսիսային պողոտան տեսնելուց, այնտեղ զբոսնելուց նաև պրակտիկ հարցեր կարող են լուծել, գնումներ անել իրենց մտերիմների համար»,- նկատեց քաղաքապետարանի պաշտոնյան՝ ավելացնելով, որ այս տարի ևս Մաշտոցի պուրակում գործելու է գյուղատնտեսական շուկա:
Նյութն ամբողջությամբ` tert.am — ում: