ՀՀ առողջապահության եւ սոցիալական հարցերի, ինչպես նաեւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում են 2018 թվականի պետական բյուջեի նախագծի շուրջ քննարկումները:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանն իր խոսքում նշեց, որ 2018 թվականի բյուջեով նախատեսվում է առողջապահության նախարարությանը տրամադրել 80.1 մլրդ դրամ, որը բացարձակ թվով շուրջ 5.8 մլրդ դրամով ավելի պակաս է 2017-ի ցուցանիշից:
«Շահառուներին մատուցվող ծառայությունները չեն վատթարացվի, ճիշտ հակառակը՝ փոքր բյուջեով հնարավոր է մեծ հաջողությունների հասնել»,- ասաց նա։ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը չհամաձայնեց այս մտքի հետ, նշելով, որ առողջապահության ոլորտում լուծում պահանջող այնքան խնդիրներ կան, որոնք լուծելու համար բյուջեն չպետք է կրճատվի։
«Ոլորտում այնքան խնդիրներ ունենք լուծելու, որ 5 մլրդ կրճատելը գոնե տրամաբանորեն ճիշտ չէ»,- նշեց Հակոբ Հակոբյանը։
Փոխնախարարն էլ նկատեց, որ յուրաքանչյուր ոլորտում էլ ավելի շատ հատկացումների կարիք կա, քան տրամադրվում է։
«Ցանկացած ոլորտի պարագայում կարիքն ավելի մեծ է, քան հնարավորությունները, որոնք հատկացվում են այդ կարիքները բավարարելու համար»,- պատասխանեց Ջանջուղազյանը։