Կառավարության այսօրվա նիստում 21 մլն 603,7 հազար դրամ հատկացվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Գումարը տրվելու է «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի կողմից ընթացիկ տարվա ապրիլ-հուլիս ամիսներին 40 անօթևան մարդու ժամանակավոր կացարանով, տաք սննդով և հագուստով ապահովելու հետևանքով գոյացած պարտքերի մարման և օգոստոս-դեկտեմբեր ամիսներին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված «Անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանի տրամադրման փորձնական ծրագրի» իրականացման համար: Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից:
2013 թվականի տարվա ապրիլ-հուլիս ամիսներին 40 անօթևան մարդու ժամանակավոր կացարանով ապահովելու հետևանքով Դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամում գոյացել է 10 մլն դրամի պարտք, ինչի հետևանքով Հիմնադրամը հնարավորություն չունի կազմակերպելու շահառուների հետագա սպասարկումը: Ծրագրի շարունակականությունը ապահովելու նպատակով անհրաժեշտ է լուծել Հիմնադրամի կուտակած պարտքերի մարման և մինչև տարեվերջ ֆինանսավորման խնդիրները: Այս մասին ասվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ:
2001 թվականից մինչև 2011 թվականի դեկտեմբեր ամիսը, Հիմնադրամի ամբողջ ծախսերը ֆինանսավորվել են Դանիական կողմի միջոցների հաշվին: Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում Հիմնադրամին մասնակի ֆինանսական աջակցություն է տրամադրվել Երևանի քաղաքապետարանի կողմից և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից: 2011 թվականի դեկտեմբերից մինչ օրս Հիմնադրամն ապաստանել և աջակցություն է տրամադրել մոտ 200 անօթևանի: