Հայաստանի սպառողների ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը Araratnews.am-ի հետ զրույցում անդրադարձել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին և նշել է, որ առաջին հերթին պետք է խոսել կամավորի և պարտադիրի հարաբերակցության մասին.
«Նախ, ինչո՞ւ չի հրապարակվում, որ կամավորը կա, արդեն գործում է, ինչքա՞ն է կուտակվել, ինչպիսի՞ն է դրա հեռանկարը, դինամիկան, որ տեսնենք, թե արդյոք ժամանա՞կն է անցնել այդ կամավորից դեպի պարտադիրը»,- նշել է Արմեն Պողոսյանը: Վերջինիս կարծիքով, այս հարցի հետ կապված ամենակարևոր խնդիրն այն է, որ ՀՀ քաղաքացիները չունեն վստահություն, որ 30 տարի հետո այդ կուտակած գումարը իր նպատակին է ծառայելու: «Մեր ազգը դառը փորձ ունի: Մեր ծնողների գումարներն էլ կորան: Հիմա հայտնի է, որ սոցիալական հիմնադրամի ղեկավարն իր տեղակալներով հանդերձ բանտում նստած է, հիմա ո՞ւմ ենք մենք վստահում»,-նշել է Արմեն Պողոսյանը: Վերջինիս կարծիքով դեռևս կան շատ հարցեր, որոնք առանց ուսումնասիրման ներկայացվում են հանրությանն ու խուճապի պատճառ դառնում:
Էմմա Պալյան