30 տարի պետության կողմից գիտության ֆինանսավորման ծավալները չեն փոխվել։ Այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։
«Դժվար կլինի գտնել զարգացած մի երկիր, որ այսքան քիչ գումար է հատկացնում գիտությանը»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը։
Վերջինս նկատեց, որ պետք է այնպես անել, որ մասնավոր սեկտորը մասնակցի գիտության ֆինանսավորմանը։
«Վերջին տարիների ընթացքում մենք բյուջեում չունենք հատուկ գումարներ մեր կառույցների, անշարժ գույքի՝ հիմնականում շենքերի, կառույցների, լաբորատորիաների պահպանման և շահագործման համար։ Բյուջեի 75 տոկոսն աշխատավարձն է, մնացած 25 տոկոսն՝ այլ ծախսեր»,- ներկայացրեց Մարտիրոսյանը։
Անդրադառնալով աշխատավարձերի թեմային՝ Մարտիրոսյանը նշեց, որ անհարմար է աշխատավարձի մասին խոսել՝ համարյա մինիմալ աշխատավարձ է. «2020 թվականի բյուջեի նախագծի համար ԳԱԱ-ն ներկայացրել է 12-13 ծրագիր, որոնց ֆինանսավորումը, մոտավորապես, 360 մլն դրամ էր, սակայն Պետական կոմիտեն 1 ծրագիր է կարողացել մտցնել բյուջեի մեջ»: