ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում խոսեց առաջիկա անելիքների մասին: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ տնտեսական հեղափոխության շրջանակում կարևորը ներդրումների խրախուսումն է: «Հայաստանի հանդեպ ներդրումային մեծ հետաքրքրություն կա, եւ այդ հետաքրքրությունն առաջիկայում կաճի: Ուզում եմ պետական պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա: Պետք է ստեղծել պայմաններ պոտենցիալ ներդրողների համար: Հուսամ՝ որեւէ ազդակ չեմ ստանա, որ որեւէ ներդրումային նախագծի առաջ խոչընդոտներ են առաջանում»,- ասաց պարոն Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ «մենք պետք է էական զարգացում ապահովենք ռազմարդյունաբերական համալիրում: Այս խնդիրը կապում եմ Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր տեսլականի եւ ինժեներական գիտելիքը զարգացնելու հետ:
Հաջորդ խնդիրը զինված ուժերի մարտունակության բարձրացումն է: Առաջիկա 5 տարում զինված ուժերի զարգացման համար ներդնել 2,5 միլիարդ դոլար: Խոսքը հավելյալ միջոցների մասին է, որոնց մի մասն ուղղվելու է զինծառայողների վիճակը բարելավելուն»:
Մյուս խնդիրը, ըստ Փաշինյանի, բարձրագույն կրթության ոլորտը նոր մակարդակի բերելն է, կապը իրականության եւ տնտեսութան հետ ուժեղացնելը. «Մենք խոսել ենք բարձրագույն կրթության ոլորտի համախմբվածության մասին: Մեծ դիսբալանս է առաջացել ֆորմալ բուհական կրթության եւ գերատեսչական բուհական համակարգի մասին: Պետք է ունենանք միասնական բուհական համակարգ»:
Առողջապահության ոլորտում լրջագույն բարեփոխումներ պետք է իրականացվեն, որոնց նպատակը պետք է լինի ոլորտը հանրությանը հասանելի դարձնելը:
Վարչապետի պաշտոնակատարը կարևորեց նաև աշխատանքի խրախուսումն ու աշխատատեղերի ստեղծումը, որոնց միջոցով պետք է կրճատել աղքատությունը: