Այսօր ԱԺ-ում քառօրյայի ավարտից հետո տեղի է ունեցել ճեպազրույց, որի ժամանակ ԱԺ պատգամավորները պատասխանել են լրագրողների հարցերին:«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն իր խոսքի սկզբում ամփոփել է անցած քառօրյայի աշխատանքները, և մասնավորապես անդրադարձել պաշտոնյանների աշխատավարձը բարձրացնելու մասին օրենքի նախագծին` ասելով, որ դա խտրական օրենք է.«Բարձրաստիճան պաշտոնյայի աշխատավարձը կրկնապատկվելու է, իսկ մեր մանկավարժները կամ մյուսները, ովքեր ավելի լավ են աշխատել, նրանց աշխատավարձը ևս պետք է կրկնապատկվի, ինչի մասին այս օրենքում խոսք չկա: Էլիտան այս օրենքով ուզում է իր համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել ընդամենը»: Ժառանգություն խմբակցության ղեկավարի խոսքով՝ ԱԺ-ում կան պատգամավորներ, ում համար այսօրվա 240 հազար դրամ աշխատավարձն էլ է շատ: Նա նշել է, որ Գալուստ Սահակյանը, Հովիկ Աբրահամյանն ընդհանրապես չպետք է աշխատավարձ ստանան: «240 հազար դրամը շատ է կոճակ սեղմելու համար: Այդ ոհմակը գալիս է մեկը մյուսի տեղը քվեարկում, նույնիսկ այս պահի դրությամբ նրանց համար 240 հազար դրամն էլ շատ է»,- ասել է նա:
Փոստանջյանի խոսքով՝ պետական բյուջեի տնօրինումը չպետք է տեղի ունենա կամայականորեն, եթե բյուջեում կան ազատ գումարներ, դրանք պետք է միանշանակ ուղղվեն անապահով խավին:
«Անբարոյականություն է այս պահին խոսել իրենց աշխատավարձերի բարձրացման մասին, երբ մեկ միլիոնից ավելի մարդ գտնվում է աղքատության մեջ: Կան երեխաներ, ովքեր քաղցած են քնում, կան տարեց մարդիկ, ովքեր նույնպես քաղցած են քնում, իսկ իրենք մի քանի անգամ բարձրացնում են իրենց աշխատավարձերը: Սա անբորայականության ամենավերջին աստիճանն է»,- նշել է նա: Զարուհի
Փոստանջյանը միաժամանակ ավելացրել է, որ ստեղծված իրավիճակի համար մեղավոր է նաև հասարակությունը. մարդիկ տարիներ շարունակ հանդուրժել են այս իրավիճակը: Նա նաև ասել է, որ այս կառավարոթյունը հակահայ կառավարություն է, արդեն բացահայտ մարդկանց ասում է՝ այո, դուք կարող եք քաղցած մնալ այնքան, մինչև սովամահ լինեք: Լրագրողների այն հարցին, թե ինչ դժվարին օրեր են սպասվում Հովիկ Աբրահամյանին, ինչի մասին նա հայտարարել էր ԱԺ նիստերի դահլիճից այն ժամանակ, երբ ԱԺ խոսնակը որոշում էր կայացրել ԵԽԽՎ-ի կազմից «Ժառանգությանը» հանել: «Այո, Հովիկ Աբրահամյանին և ոչ միայն նրան, սպասվում են դժվարին օրեր, քանի որ մենք բոլոր ճակատներում մենք պայքարը տանելու ենք»: Լրագրողների այն հարցին, թե արդյոք նրա և Լևոն Զուրաբյանի միջև եղել է խոսակցություն, ինչպես տարածվել է մամուլում, որտեղ նա Զուրաբյանին դիմել է. «Լյովիկ էլի թռա՞ր», Փոստանջյանը պատասխանել է.«Հարցրեք Հովիկին ու Լյովիկին»:
Էմմա Պալյան