Նոյեմբերի 5-ին կատարված իրադարձություններից և Շանթ Հարությունյանի ու շուրջ մեկուկես տասնյակ նրա կողմնակիցների ձերբակալությունից հետո հայրենական մամուլի , «վերլուծագանգերի» ու գործիչների վայ զանգվածը ամենատարբեր պիտակների ու որակավորումների արժանացրեց Շանթ Հարությունյանի գործելաոճը: Սակայն բացի նրանից, որ իշխանական քարոզչամեքենա, սպասարկու լրատվամիջոցները փորձեցին ոչնչացնել Շանթ Հարությունյանի քայլերի բովանդակային կողմը` շեշտը դնելով մակերեսային, կիսահուզումնալից ձևակերպումների վրա, համաձայն որոնց՝ բռնությունն անընդունելի է և այլն:
Իրականում բովանդակային իմաստով Շանթ Հարությունյանի նշած արժեքների հեղափոխությունը շատ քիչ աղերսներ ուներ բռնության կոչերի հետ: Մի շարք վայվույ գործիչներ ու լրատվամիջոցներ հեգնանքով սկսեցին մեջբերել Շանթ Հարությունյանի բառապաշարը , որն, իրավամբ, առավել շատ նմանվում էր բանտային լեքսիկոնի: Հենց այս փաստի վրա կցանկանայինք ընթերցողների ուշադրությունը հրավիրել:
Բոլոր նրանք, ովքեր շատ թե քիչ ծանոթ են Շանթի հրապարակախոսական հոդվածներին, կարող են փաստել, որ տեսքստային առումով Շանթ Հարությունյանի խոսքը չափազանց կազմակերպված է և ավելի շուտ մոտենում է գիտական ստանդարտներին` իր կուռ կառուցվածքով, տրամաբանվածությամբ ու հիմնավորումներով: Այս պարագայում կարող է հարց առաջանալ, թե ինչու Ազատության հրապարակում և մինչ այդ Շանթ Հարությունյանի հրապարակային ելույթները առավել ժարգոնային էին և ինչ-որ տեղ հարիր բանտային լեքսիկոնին: Հենց այստեղ է հայաստանյան իրավիճակին տրված գնահատականը Շանթ Հարությունյանի կողմից: Շանթ Հարությունյանն, ըստ էության, այլ բառապաշարով և ավելի կտրուկ ասաց այն, ինչ ասում են իշխանությունների կամ Սերժ Սարգսյանի հրաժարևականի պահանջով երբեմն-երբեմն հանդես եկող ուժերը: Շանթը, սակայն, ձևակերպեց խնդրի առավել սուր կողմը: Շանթ Հարությունյանի տեքստի ժարգոնային բնույթը խորհրդանշում է մեկ բան` ներկայիս իշխանությունները վերածել են Հայաստանը բանտի, ուստի նրանց հետ կարելի է խոսել միայն բանտային լեքսիկոնով: Իհարկե, պետք չէ ընկնել չափազանցության գիրկը և ներկայիս Հայաստանը համարել ամբողջատիրական, վարչահրամայական պետություն՝ մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Մյուս կողմից հնարավոր չէ չտեսնել, որ ոստիկանությունը և ընդհանրապես իրավապահպան համակարգն ավելի ու ավելի են ինտեգրվում քաղաքական գործընթացներին:
Ինչ խոսք, անկախությունից ի վեր հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքում այդպես էլ չձևավորվեց իրապես անաչառ ու անկախ ոստիկանական, դատաիրավական համակարգ: Պետական իշխանության բոլոր բաղադրիչները մշտապես հանդես եկան որպես քաղաքական իշխանության շահերի սպասարկուներ: Այս պայմաններով արդեն լիովին արժանի է ուշադրության Շանթ Հարությունյանի հղումն առ այն, որ Հայաստանը վերածվում է մի մեծ բանտի, որտեղ իշխանության ղեկին հայտնված ուժը ոստիկանական ուժի կիրառումը դարձրել է իշխանության իրականացման կարևոր ատրիբուտ: Այս պայմաններում արդեն լիովին տեղին է դառնում Շանթ Հարությունյանի լեքսիկոնը, քանի որ, կրկնենք, բանտում հասկանալի է միայն բանտային լեզուն:
Աղասի Մարգարյան