տուն Լուրեր 2018-ին լայն սպառման ապրանքներ են թանկանալու. Փաշինյան

2018-ին լայն սպառման ապրանքներ են թանկանալու. Փաշինյան

106
0

food-prices-armenia

ՀՀ առողջապահության եւ սոցիալական հարցերի, ինչպես նաեւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում են 2018 թվականի պետական բյուջեի նախագծի շուրջ քննարկումները:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ սոցիալական պաշտպանության ոլորտին 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված է հատկացնել  408.7 մլդ դրամ, որը գրեթե նույն մակարդակն է, ինչ 2017 թվականին:

Ապա Ջանջուղազյանին հարց ուղղեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա հարցրեց, որ կառավարությունը հայտարարում է, թե հաջորդ տարի գնաճը նախատեսված է 3,5 տոկոս, որքանո՞վ է արժանահավատ այդ պնդումը:

«Որքանով է արժանահավատ այս տվյալը, եթե հաշվի առնենք, որ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո գնաճային ճնշումները մեծանալու են։ Արդյոք այդ հանգամանքի բերումով լայն սպառման մի շարք ապրանքներ թանկանալո՞ւ են։ Կարագն արդեն իսկ թանկացել է, դա կշարունակվի՞, թե՞ չէ»,- հարցրեց Փաշինյանը։

Ատոմ Ջանջուղազյանն արձագանքեց, որ գնաճի ցուցանիշը 2018 թվականի բյուջեի նախագծով 3,5 տոկոս չի կանխատեսվում։

«Դուք հավանաբար դեֆիլյատորը նկատի ունեք 3,5 տոկոս, որովհետև նախագծով գնաճը նախատեսվում է 4 կամ գումարած-հանած 1,5 տոկոսի միջակայքում։ Այդ տեսակետից արժանահավատությունը կասկած չի հարուցում գոնե այն կանխատեսումների շրջանակում, որոնք մենք ունենք։ Եթե կանխատեսումները ոչ արժանահավատ են թվում, մենք պատրաստ ենք դրանց շուրջ քննարկումներ իրականացնել»,- պատասխանեց փոխնախարարը:

Փաշինյանը նաև նշեց, որ որոշ փորձագետների կանխատեսումներով` մի շարք ապրանքատեսակներ թանկանալու են։

«Կանխատեսվում է, որ 2018-ին լայն սպառման ապրանքներ են թանկանալու ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի ուժ մեջ մտնելուց հետո»,- ասաց Փաշինյանը։

Փոխնախարարը չհերքեց, որ որոշ ապրանքատեսակներ կարող են թանկանալ՝ միևնույն ժամանակ հորդորելով այդքան էլ չհավատալ փորձագետների պնդումներին. «Դրանց դժվար է արձագանքել, քանի դեռ դրանց տակ եղած դատողությունների համակարգը բացակայում է»:

 Փայլակ Ֆահրադյան