ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ամփոփեց տարին: Նախարարի խոսքով՝ ՀՀ կառավարության 2017 թ. գործունեության ծրագրով նախատեսված բոլոր 21 միջոցառումներն իրականացվել են սահմանված ժամկետներում: 8 գերակա խնդիրներ ևս իրականացվել են սահմանված ժամկետներում:
Ամփոփելով տարին` Արծվիկ Մինասյանը նշեց, որ ընդունվել են նախարարության մշակած 51 իրավական ակտեր, նաև մշակվել և քննարկման փուլում է գտնվում «էկոլոգիական քաղաքականության մասին» ՀՀ օրենքը:
Նախարարը նաև ընդգծեց, որ կարևոր բարեփոխումներից էր նաև տեսչական մարմնի ստեղծումը, որը գտնվում է անկախ վիճակում, օժտված է նոր գործիքակազմով, նոր իրավասություններով, ավելի անկախ գերատեսչության կարգավիճակով:
Իսկ տարվա ամենածանր բնապահպանական խնդիրն այն աղետներն էին, որոնք եղան հրդեհների տեսքով. «Գրեթե չմնաց որևէ հատուկ պահպանվող տարածք կամ անտառային մեծ զանգված, որը չենթարկվեր հրդեհների հարվածներին: Եվ կլիմայի գլոբալ փոփոխություններով պայմանավորված` այսպիսի դեպքերը լինելու են ոչ թե հատուկենտ, այլ ավելի հաճախ, պետք է պատրաստված լինենք: Արդեն 2018 թվականի նախատեսված ծրագրերի շրջանակներում մեր բոլոր հատուկ պահպանվող տարածքներն ունենալու են ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ արագընթաց մեքենաներ, ժամանակին բացահայտող և ահազանգող սարքավորումներ, որոնք կօգնեն ժամանակին աղետների արձագանքմանը և ապօրինի ծառահատումների, որսագողության բացահայտմանը»:
Ավելին` տեսանյութում: