տուն Լուրեր 2015 թ.-ի բյուջեն՝ համեստ հնարավորությունների բյուջե

2015 թ.-ի բյուջեն՝ համեստ հնարավորությունների բյուջե

137
0

14.04.31

Ազգային ժողովում 2015թ.-ի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելու ժամանակ Վարչապետի ելույթից հասկանալի էր, որ գոյություն ունեցող բյուջետային միջոցները սուղ են, որոնք թույլ չեն տալիս տնտեսական բարձր աճ ապահովել, իսկ եղած հնարավորությունները օգտագործվելու են հիմնականում գոյություն ունեցող վիճակը պահպանելու համար: Պարզ դարձան նաև այն հիմնական մոտեցումները, որոնց վրա հիմնվելու է Կառավարությունը տնտեսական աճի ապահովման համար, որոնք են փոքր և միջին բիզնեսի համար բարենպաստ պայմանների ձևավորումը, գործարար միջավայրի բարելավումը, մասնավոր և օտարերկրյա ներդրումների ներգրավումը և արտահանումը խթանելուն ուղղված քայլերը:

Հիմնվելով ելույթում ներկայացվող թվերի վրա, ցույց տանք ընթացիկ տարվա ծրագրավորված բյուջեի ցուցանիշների նկատմամբ գալիք տարվա բյուջեի հիմնական փոփոխությունները: Այսպիսով, 2015թ.-ի պետական բյուջեի նախագծում՝

1. Բյուջեի եկամուտները ավելանալու են 50,1 մլրդ. դրամով կամ 4,4%-ով, իսկ հարկային եկամուտները և տուրքերը ավելանալու են 38,9 մլրդ. դրամով կամ 3,5%-ով:
2. Բյուջեի ծախսերը ավելացվելու են 53,7 մլրդ. դրամով կամ 4,3 %-ով:
3. Ավելանալու է բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը) 3,6 մլրդ. դրամով:
4. Նախատեսվում է բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը) հասցնել ծրագրվող ՀՆԱ-ի 2,34%-ը, որը 2014թ.-ի հաստատված բյուջեի 2,3% դեֆիցիտի համեմատ աճելու է 0,04%-ով:
5. Պետական բյուջեի եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմելու է 24,33%, որը 0,28%-ով ավելի է 2014 թ.-ի համար ծրագրված 24,05% ցուցանիշի համեմատ:
6. Հարկային եկամուտներ և պետական տուրքեր/ՀՆԱ հարաբերակցությունը կազմելու է 23,24%, որը հավասար է 2014 թ.-ի ծրագրված 23,24% ցուցանիշին:
7. Ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունը կազմելու է 26,68%, որն ընթացիկ տարվա ծրագրված 26,35% ցուցանիշի համեմատ աճելու է 0,33%-ով:
8. Ավելացել է սոցիալ-մշակութային ծախսերը 25,7 մլրդ. դրամով կամ 2,3%-ով ընթացիկ տարվա ծրագրված ծախսերի համեմատ:
9. 2015թ.-ի պետական պարտքը 2014թ.-ի ծրագրված պարտքի համեմատ կաճի 278 մլն. դոլլարով կամ 5,9%-ով, որտեղ արտաքին պարտքը կաճի 171 մլն. դոլլարով կամ 4,3%-ով, իսկ ներքին պարտքը՝ 107 մլն. դոլլարով կամ 14,9%-ով:
10. Տնտեսական աճը կազմելու է 4,1% այս տարվա ծրագրված 5,2%-ի փոխարեն:
11. Անվանական ՀՆԱ-ն կանխատեսվել է 4 տրիլիոն 867 մլրդ. դրամ:
12. 2015թ.-ի պետական բյուջեն սեպտեմբերի 1-ի ամերիկյան դոլլարի 411,26 դրամ փոխարժեքով կկազմի 3,15 մլրդ. դոլլար (ծախսային մասով), իսկ անվանական ՀՆԱ-ն 11,84 մլրդ. դոլլար: Հիշեցնենք, որ 13.2014թ.-ի ծրագրված բյուջեն կազմել է 3 մլրդ. դոլլար, իսկ անվանական ՀՆԱ-ն 11,6 մլրդ. դոլլար (405 դրամ փոխարժեքով հաշվարկված):

Ինչպես տեսնում ենք վերը նշված թվերից, հաջորդ տարվա բյուջեում պլանավորվել է դեֆիցիտի աննշան աճ (0,04%), ծախսերի առաջանցիկ աճի (3,6 մլրդ. դրամ) հաշվին: Կառավարությունը նախատեսում է 2015թ.-ի բյուջեում ապահովել 1 տրլն. 184 մլրդ. դրամ եկամուտներ, որտեղ հարկային եկամուտները և տուրքերը կազմելու են 1 տրլն. 131.2 մլրդ. դրամ կամ բյուջեի եկամուտների 95,5%-ը, այն դեպքում երբ 2014թ.-ին հարկեր և տուրքեր/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 96,28%: Եթե պետական բյուջեի եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը ավելանալու է 0,28%-ով, ապա հարկային եկամուտներ և տուրքեր/ՀՆԱ հարաբերակցության աճ չի նախատեսվում, այստեղից պարզ է դառնում, որ եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցության աճը տեղի է ունենալու հիմնականում այլ եկամուտների և պետական դրամաշնորհների աճի հաշվին (11,1 մլրդ. դրամ), իսկ ավելի կոնկրետ, նախատեսվող դեֆիցիտի ֆինանսավորման համար ծրագրվում է ներգրավել շուրջ 200 մլն. դոլլար վարկեր, հիմնականում Համաշխարհային բանկից: Վերջին տարիներին ներդրումների կրճատման միտում է արձանագրվում, որը ենթադրում է բիզնես միջավայրի բարելավման և հարկային բեռի չծանրաբեռնման անհրաժեշտություն: Այդ տեսակետից հարկեր/ՀՆԱ ցուցանիշը չավելացնելը արդարացված է, որպեսզի փոքր և միջին բիզնեսի վրա ավելորդ ճնշում չլինի: Իսկ 38,9 մլրդ. դրամի հարկային եկամուտների աճը ենթադրվում է, որ կլինի հիմնականում խոշոր բիզնեսի հարկման հաշվին:

Բյուջեի ծախսերը կազմելու են 1 տրլն. 298 մլրդ. դրամ, որտեղ 53,7 մլրդ. դրամ աճի մոտ կեսը ուղղվելու է սոցիալ-մշակութային ոլորտներ: Կառուցվածքային առումով ծախսային համաչափությունները հիմնականում պահպանվում են նախորդ բյուջեների համեմատ: Ընդհանրապես սոցիալ-մշակութային ոլորտների հատկացումները կկազմեն բյուջեի ծախսերի 47,9%-ը, ընթացիկ տարվա ծրագրավորված 45,6%-ի համեմատ: Պաշտպանության, ազգային անվտանգության և հասարակական կարգի պահպանության ծախսերը կկազմեն բյուջեի 21,4%-ը (2014թ.-ին՝ 21,1%), տնտեսության ճյուղերի հատկացումները կկազմի բյուջեի 9,1%-ը (2014թ-ին՝ 11,7%-ը): Պետական պարտքի սպասարկումը կկազմի բյուջեի 5,7%-ը:

Դեֆիցիտ/ՀՆԱ հարաբերակցության 0,04% աճը, որը 4,1% կանխատեսվող տնտեսական աճի դեպքում արդարացված է, ինչպես նաև սոցիալական ծախսերի աճը, դեռևս բավարար չեն իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը անվանել ընդլայնողական, առավել ևս եկող տարի կանխատեսվում է ներդրումներ/ՀՆԱ և սպառում/ՀՆԱ ցուցանիշների ոչ բարձր մակարդակ: