Կենսաթոշակների բարձրացման շնորհիվ կրճատվել է ինչպես ծայրահեղ, այնպես էլ՝ ընդհանուր աղքատության գծից ներքև գտվող թոշակառուների թիվը: Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից կենսաթոշակները բարձրացվել էին մոտ 15%-ով:
«Մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը, մենք ունեինք 68 հազար կենսաթոշակառու, ովքեր ստանում էին ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակ, իսկ հիմա նրանց թիվը կազմում է 12 հազար 800 կենսաթոշակառու՝ 68 հազարի փոխարեն: 230 հազար անձանցից, ովքեր ստանում էին աղքատության ստորին շեմից ցածր կենսաթոշակ, 2014 թ. հունվարի բարձրացման արդյունքում ունենք 138 հազար 300 անձ, ովքեր ստանում են աղքատության ստորին շեմից ցածր կենսաթոշակ, այսինքն շուրջ 40 տոկոսով նվազեց աղքատության ստորին շեմից ցածր ստացող կենսաթոշակառուների թիվը: Աղքատության վերին շեմից ցածր կենսաթոշակ ստացող 330 հազար անձանց փոխարեն բարձրացումից հետո ունենք 292 հազար անձ»,- նշեց նախարարը:
Արտեմ Ասատրյանի խոսքով՝ թիրախավորված բարձրացումը էապես նվազեցրել է կենսաթոշակառուների աղքատության մակարդակը: Թիրախավորված բարձրացումը նախատեսվում է նաեւ հաջորդ տարի:
«Կենսաթոշակային համակարգը եւ ընդհանրապես կենսաթոշակային միջոցները, ճիշտ է, անմիջականորեն չեն դիտարկում աղքատությունը, բայց կենսաթոշակառուներն ամենաշատն են ենթակա աղքատության ռիսկին: Մենք ունենք նաեւ ազգային վիճակագրական ծառայության արդյունքները, թե կենսաթոշակների բարձրացումը ինչ ազդեցություն է թողնում աղքատության կրճատման վրա: Այդ առումով, կարծում եմ, այս քաղաքականությունը շարունակելու ենք»,- ասաց նախարարը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ նշեց, որ կենսաթոշակի բարձրացումը դեռեւս շոշափելի չէ:
«Հասկանալի է, որ այն դեռեւս շոշափելի չէ, մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի աննախադեպ ցուրտ ձմեռ էր, եւ մեր քաղաքացիները ստիպված եղան ավելի շատ էլեկտրաէներգիա եւ գազ ծախսել, քան նախորդ տարի, եւ հիմնականում այս թոշակի բարձրացումը ուղղվելու է այդ վճարներին, բայց, այնուամենայնիվ, շոշափելի փոփոխություններ կան, եւ այս ռազմավարությունը մենք պետք է շարունակենք՝ դիտարկելով այն որպես աղքատության կրճատման արդյունավետ գործիք»,- նշեց վարչապետը: