Այսօր ԱԺ-ում հերթական քառօրյայի ավարտին կազմակերպվող հերթական ճեպազրույցն է տեղի ունեցել, որի ժամանակ խմբակցությունների ներկայացուցիչները պատասխանել են լրագրողների հարցերին և գնահատել են անցած քառօրյայի աշխատանքները: «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանն իր խոսքի սկզբում նշել է, որ 2014 թվականի բյուջեի նախագիծը, որը քննարկվում էր քառօրյայի ժամանակ` արտագաղթի, աղքատության բյուջե է, ինչպես նաև որոշ մարդկանց համար խրախճանքների շարունակության բյուջե է:«Անուններ կարող եք նշել, ում ի նկատի ունեք»,-լրագրողների հարցին, ԱԺ պատգամավորը պատասխանել է.«Ի՞նչ է, դուք չգիտե՞ք: Երևի, թե շուրջ հարյուր պաշտոնյա կա այսօր Հայաստանում, որոնք շահառուներն են, կարող ենք թվարկել` Սերժ Սարգսյանից սկսելով»,-նշել է Փոստանջյանը: Լրագրողների այն հարցին, թե «Ժառանգություն»-ը հինգ բալանոց համակարգով ինչ գնահատական կտա բյուջեի նախագծին, Զարուհի Փոստանջյանը պատասխանել է.«Զրո, ես ասեցի, եթե այս բյուջեն է մնում այս իշխանությունները որոնք կապ չունեն հայ ժողովրդի շահերի հետ, նրանք օտար իշխանություններ են, հետևաբար մեր ժողովրդի համար չեն պատրաստվում որևէ դրական առաջընթաց ապահովել»,-նշել է Փոտանջյանը:
Էմմա Պալյան