2013թ դեկտեմբերին հանարապետությունում նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ աշխատավարձերի բավականին բարձր՝ երկնիշ (12.7%) աճ է արձանագրվել: Սա երևում է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2013թ. հունվար-դեկտեմբեր ամիսների նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներից: Այդ բարձր աճը գերազանցել է գնաճի ցուցանիշը. 2013-ի դեկտեմբերին 2012-ի դեկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 5.6%:
Հիշեցնենք, որ 2013թ. մարտից սկսած գներն ավելի արագ էին աճում, քան աշխատավարձերը: Այդ վիճակը պահպանվեց մինչև նոյեմբեր ամիս:
Աշխատավարձերի ու գնաճի համեմատությունը, սակայն, ավելի ճիշտ է կատարել միջինացված կուտակային ցուցանիշների (հունվար-դեկտեմբերը՝ հունվար-դեկտեմբերի համեմատ, հունվար-նոյեմբերը՝ հունվար-նոյեմբերի համեմատ և այլն) կտրվածքով: Քանի որ դեկտեմբերի աշխատավարձի աճի ցուցանիշը շատ բարձր է եղել, հունվար-դեկտեմբերի աշխատավարձի աճը ևս համեմատաբար բարձր է եղել՝ 6.5% և գերազանցել հունվար-դեկտեմբերի գնաճը՝ 5.8%-ը: