Araratnews.am-ը իր ընթերցողին է ներկայացնում 2013 թվականի ամենահիշարժան իրադարձությունները: Փորձենք չառանձնացնել դրանցից որևէ մեկը և ներկայացնել ժամանակագրական հաջորդականությամբ:
1. Նախագահական ընտրություններ. Փետրվարի 18-ին տեղի ունեցան նախագահական ընտրությունները: Ամեն ինչ ավարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանի և Վովա Գասպարյանի համատեղ աղոթքով: Արտասահմանյան դիտորդները այս ընտրությունները որակեցին մեկ քայլ առաջ, իսկ քաղաքացիական ակտիվիստները մի քանի քայլ հետ ուղարկեցին վերջիններիս` ասուլիսի ժամանակ մտնելով դահլիճ և ներկայացնելով ընտրությունների իրական պատկերը. «Գո հոմ Եվրոյոնջաներ»:
2. Օֆշորային սկանդալ. Մայիսի 29-ին լրատվական դաշտը ցնցվեց օֆշորային սկանդալով, որի գլխավոր դերակատարներն էին վարչապետ Տիգրան Սարգսյանը և Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Չնայած արված բազմաթիվ լրագրողական բացահայտումներին և բերված փաստերին, Տիգրան Սարգսյանը շարունակում է մնալ վարչապետի պաշտոնում: Նավասարդ Կճոյանը վաճառեց իր Բենթլին` վերջնականապես վերացնելու համար օֆշորային պատմության հետքերը:
3. 150 դրամ ուղեւորավարձ. Հուլիսի 18-ին Երևանի քաղաքապետարանը հայտարարեց ներքաղաքային տրանսպորտային ուղևորափոխադրումների սակագնի թանկացման մասին: Սակայն երթուղային գծերի սեփականատերերը միայն մի քանի օր կարողացան մասնակիորեն ստանալ 50% հավելյալ հասույթ: Ձևավորված լայն քաղաքացիական շարժման ճնշումների ներքո՝ Տարոն Մարգարյանը կասեցրեց թանկացման մասին որոշումը: Չնայած կասեցմանը հաջորդած 90-օրյա նստացույցին, ոլորտի պատասխանատուներից ոչ ոք մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել:
4. Փակ շուկա-Երևան Սիթի. Փակ շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը լծվեց այն Երևան-Սիթի վերածելու սուրբ գործին: Չնայած հանրության ուժեղ դիմադրությանը, ոլորտի պատասխանատուների կողմից բազմաթիվ օրինախախտումների արձանագրմանը, ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց: Արդյունքում ունենք աղավաղված պատմամշակութային հուշարձան և նոր սուպերմարկետ Երևանի կենտրոնում:
5. Մաքսային միություն. Սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց, որ Հայաստանը ցանկանում է անդամակցել Մաքսային միությանը: Այս հայտարարությունը անակնկալի բերեց ինչպես հանրությանը, այնպես էլ Սերժ Սարգսյանի կուսակիցների մեծամասնությանը: Արդյունքում Վիլնյուսում չկնքվեց Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը:
6. Զարուհի Փոստանջյանի հարցը Սերժ Սարգսյանին. Հոկտեմբերի 2-ին ԵԽԽՎ լիագումար նիստում Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանին հարցրեց, թե արդյոք վերջինս եղե՞լ է եվրոպական կազինոներում և կորցրել 70 միլիոն եվրո: Այս հարցը հանրային քննարկման լայն թեմա դարձավ: Զարուհի Փոստանջյանը, լոլիկների փոխարեն, Զվարթնոց օդանավակայանում արժանացավ ՀՀ քաղաքացիների ծափահարություններին: Արդյունքում Զարուհի Փոստանջյանին հանեցին ԵԽԽՎ Հայաստանյան պատվիրակության կազմից:
7. Բռնություններ քաղաքացիների նկատմամբ. Տարին աչքի ընկավ ՀՀ քաղաքացիների նկատմամբ քրեական տարրերի կողմից իրականացված բռնության դեպքերով: Իրենց քաղաքացիական դիրքորոշման և գործողությունների համար ծեծի ենթարկվեցին շուրջ մեկ տասնյակ քաղաքացիներ: Այս դեպքերից և ոչ մեկը մինչ այժմ չի բացահայտվել ոստիկանության կողմից: Ավելին` ոստիկանությունը գերակատարեց քաղաքացիներին խաղաղ բողոքի ակցիաների ժամանակ բերման ենթարկելու իր պլանը: Արդյունքում մեծացավ թե պայքարող քաղաքացիների թվաքանակը, թե փոփոխություն բերելու վերջիններիս հաստատակամությունը:
8. Շանթ Հարությունյան. Շանթ Հարությունյանը սկսեց հեղափոխություն: Բերման ենթարկվեցին շուրջ 3 տասնյակ քաղաքացիներ, ավելի քան 10-ի նկատմամբ հարուցվեցին քրեական գործեր: Շանթ Հարությունյանը այս պահին գտնվում է կալանավայրում: Արդյունքում չստացվեց հեղափոխություն, բայց Շանթ Հարությունյանի երազած արժեքային հեղափոխության սկիզբը դրվեց:
9. Պուտինի այցը։ Դեկտեմբերի 2-ին Հայաստան ժամանեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այցը անցավ վարչախմբի ակնհայտ նվաստացման մթնոլորտում: Սակայն ՀՀ քաղաքացիները ցույց տվեցին, որ ՀՀ-ում ինքնիշխանության ներուժը դեռևս սպառված չէ: Ոստիկանությունը բերման ենթարկեց ավելի քան 110 քաղաքացիների: Արդյունքում ավելի քան 110 քաղաքացու մոտ կոտրվեց ոստիկանական բաժիններից վախը:
10. Կուտակային կենսաթոշակներ. ԱԺ-ն ընդունեց Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, ըստ որի, 2014 թվականից գործելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Այս օրինագիծը առաջացրեց հանրության լայն դիմադրությունը: «Ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր բաղադրիչի» նախաձեռնությունը գրեթե սպառեց իրավական բոլոր ընթացակարգերը` այսօր դիմելով նաև Սահմանադրական դատարան:
Գրեթե բոլոր թվարկված իրադարձություններում իր անժխտելի մասնակցությունն է ունեցել և հաճախ հենց իրադարձությունների կենտրոնում է եղել ՀՀ ակտիվ քաղաքացին: Հետևաբար, araratnews.am և ԱՐԱՐԱՏ ամսագիրը, ամփոփելով 2013 թվականը, միաձայն որոշում է կայացրել տարվա մարդ ճանաչել ` ՀՀ ԱԿՏԻՎ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ: