տուն Հասարակություն Իրավական 2.5 միլիարդ դրամի վնաս՝ պետությանը. կոռուպցիոն նոր բացահայտում

2.5 միլիարդ դրամի վնաս՝ պետությանը. կոռուպցիոն նոր բացահայտում

105
0

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից
զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա կատարված մեծածավալ  ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Պետական գնումների
գործակալություն» ՊՈԱԿ-ի և մի բաց բաժնետիրական ընկերության միջև
13.08.2010թ. կնքված պայմանագրով ընկերությունը պարտավորվել է իրականացնել
11 մլրդ. 798 մլն. 546 հազ. դրամի «Արփա-Սևան» թիվ 2 թունելի հիմնանորոգման
աշխատանքներ:

Պայմանագրով սահմանված իրավունքներն ու պարտականությունները պատվիրատուի
անունից իրականացրել է ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն:

ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի և բաց բաժնետիրական ընկերության
միջև 14.02.2017թ. կնքված պայմանագրով ընկերությունը պարտավորվել է
իրականացնել «Արփա-Սևան թիվ 2 թունելում առանձին վթարային հատվածների
ընդհանուր 4 մլրդ. 998 մլն. 360 հազ. դրամի հիմնանորոգման աշխատանքներ:

Նշված պայմանագրի ծավալաթերթ նախահաշվում և կատարողական ակտերում նշվել են
հիմնանորոգման աշխատանքները իրականացնելու համար նախատեսված սպասարկման,
մասնավորապես՝ թունելում օդափոխության, լուսավորության, ջրահեռացման,
մարտկոցային էլեկտրաքարշերի լիցքավորման աշխատանքներ, որոնք իրականացվել են
էլեկտրական սարքավորումներով, ընդունվել և վճարվել են պատվիրատուի կողմից:

ՈՒսումնասիրություններով պարզվել է, որ բազմաթիվ դեպքերում` մասնավորապես
2010-2018թվականների բազմաթիվ կատարողական ակտերի գրառումներն
իրականությանը չեն համապատասխանում, քանի որ դրանցում նշված հզորությամբ
էլեկտրական սարքավորումները չէին կարող ծախսել զգալիորեն, իսկ որոշ
դեպքերում գրեթե կրկնակի պակաս էլեկտրաէներգիա, քան սահմանված է տվյալ
հզորությամբ սարքերի՝ նշված ժամանակահատվածում աշխատանքի համար:

Նշված հանգամանքները վկայում են, որ պայմանագրի ծավալաթերթ նախահաշվով
նախատեսված` օդափոխության շուրջ 591մլն. 933հազ. դրամի, ինչպես նաև մեկ այլ
պայմանագրի ծավալաթերթ նախահաշվով նախատեսված` շուրջ 225 մլն. 324 հազ.
դրամի սպասարկման, դրանց հետ կապված հիմնանորոգման մյուս աշխատանքները և
դրանց համար կատարված վճարումները առերևույթ հիմնավոր չեն և կատարվել են
իրականությանը չհամապատասխանող փաստաթղթերի հիման վրա:

Բացի այդ, պարզվել է նաև, որ ՀՀ կառավարության 20.04.2006թ. որոշմամբ
հաստատված՝ Որոտան-Արփա-Սևան թունելի պահպանման վերաբերյալ ծրագրով Եղեգիսի
շինարարական բազայում 2006-2008թթ. իրականացվել են շուրջ 390 մլն. դրամի
շինարարական աշխատանքներ: Մասնավորապես` պետական բյուջեի միջոցներով
կառուցվել են երկհարկանի վարչա-կենցաղային շենք, էլ. ենթակայանի շենք,
լիցքավորման շենք, ճնշակայանի շենք, արհեստանոցի շենք, ցեմենտ-բետոնի
շաղախման հանգույց և հիդրոհանգույցի 2 շենքեր: Մինչդեռ հողատարածքը, որի
վրա վերջիններս կառուցվել են, Վարդահովիտ համայնքի ղեկավարի 22.08.2005թ.
որոշմամբ կազմակերպված մրցույթի արդյունքում 25 տարի ժամկետով
գյուղատնտեսական նպատակներով վարձակալության է հանձնվել համայնքի բնակիչ
Ա.Ս.-ին: Իսկ նույն համայնքի ղեկավարի 14.03.2006թ. որոշմամբ ուղղակի
վաճառքով` 1 հա-ն 67.000 դրամով վաճառվել է վերջինիս: Իր հերթին Ա.Ս.-ն
08.11.2010թ. նշված հողատարածքը 4 մլն. դրամով վաճառել է ԲԲԸ-ին:

Պարզվել է նաև, որ  ՀՀ կադաստրի պետական կոմիտեի Եղեգնաձորի տարածքային
ստորաբաժանման կողմից Ա.Ս.-ին 02.11.2010թ. տրվել է միասնական տեղեկանք և
կազմվել է նշված հողատարածքի ուրվագիծը` տեղազննում կատարելու նշումով,
որոնցում կառուցված Եղեգիսի շինարարական բազայի շենք-շինությունների
վերաբերյալ որևէ գրառում չկա:

Այսինքն` ՀՀ կադաստրի պետական կոմիտեի Եղեգնաձորի տարածքային
ստորաբաժանման պաշտոնատար անձանց կողմից իրականությանը չհամապատասխանող
կեղծ փաստաթղթեր են կազմվել և հանձնվել քաղաքացուն՝ վերջինիս պատկանող
գույքը ԲԲԸ-ին օտարելու համար:

Բացի այդ, ՀՀ վերահսկիչ պալատի կողմից դեռևս 2012թ.-ին արձանագրվել է
Եղեգիսի կիրճում պետական ֆինանսավորմամբ կառուցված շենք շինությունների և
արտադրամասերի պատվիրատուին չհանձնելու, փաստացի գրանցում չկատարելու փաստ:
Սակայն, անգամ դրանից հետո ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի
համապատասխան պաշտոնատար անձինք միջոցներ չեն ձեռնարկել պետության խախտված իրավունքները վերականգնելու, պետական միջոցներով կատարված շինարարական  աշխատանքների արդյունքում կառուցված շինությունները գույքագրելու,
գրանցելու և տնօրինելու ուղղությամբ: Արդյունքում էական վնաս է պատճառվել
պետության օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ. շուրջ 390 մլն.
դրամի գույքը տարիներ շարունակ գտնվում է այլ տնտեսվարող սուբյեկտի անվամբ
գրանցված հողատարածքի վրա և օգտագործվում է այլ անձանց կողմից:

ՈՒսումնասիրությունների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական
շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի
3-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ խաբեության կամ վստահությունը
չարաշահելու եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով
հափշտակության, 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ առևտրային կամ այլ
կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու,
պետության իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառելու և ծանր
հետևանքներ առաջացնելու, 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ պաշտոնատար
անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ
օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու հետևանքով
ծանր հետևանքներ առաջացնելու, 314-րդ հոդվածով նախատեսված` պաշտոնեական
կեղծիքի և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված մի խումբ անձանց կողմից
նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու կամ օգտագործելու
հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Բացի այդ, ՀՀ հաշվեքննիչ պալատից 01.04.2019թ. ՀՀ գլխավոր դատախազություն
է ուղարկվել ՀՀ ջրային պետական կոմիտեում իրականացված հաշվեքննությունների
արդյունքները: Համաձայն դրանց` մասնավորապես արձանագրվել է ՀՀ Ջրային
տնտեսության պետական կոմիտեի և բաց բաժնետիրական ընկերության միջև
14.02.2017թ. կնքված պայմանագրի Արփա-Սևան թիվ 2 թունելում առանձին
վթարային հատվածների հիմնանորոգման աշխատանքների գնման պայմանագրով
աշխատանքների նախագծում մեքենա-մեխանիզմի շահագործման ծախսերի հաշվարկման,  միաձույլ բետոնի պատրաստման և հատակների մասով նախահաշվի չհիմնավորված  ընդհանուր շուրջ 1 մլրդ. 660 մլն. 845 հազ. դրամ ծախսերի մասին:

Քրեական գործի քննության ընթացքում պարզման ենթակա հանգամանքների թվում
կներառվեն նաև ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից իրականացված վերահսկողության
արդյունքներով արձանագրված վերը նշված հանգամանքները:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է
անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ
մտած դատավճռով: