ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «Ֆեյսբուք»-ի իր էջում կորոնավիրուսի հետ կապված հետաքրքիր խրոնոլոգիա է ներկայացրել:
Նա նշել է.
«Փետրվարի 24. Փակվեց Հայաստանի սահմանը Իրանի հետ՝ բացառությամբ բեռնափոխադրումների եւ քաղաքացիների վերադարձի համար: Հետագայում սահմանը փակվեց ամբողջությամբ: Միաժամանակ ժամանակավոր դադարեցվեց Չինաստանի հետ առանց վիզայի մուտքի ռեժիմը: Սկսեցին ձեռնարկվել արտակարգ միջոցառումներ:
Մարտի 1. Հայաստանում հայտնաբերվեց մեկ դեպք: ՀՀ քաղաքացին վերադարձել էր հայրենիք Իրանից: Ծաղկաձորում մեկուսացվեցին շփված բոլոր անձինք:
Մարտի 2. Հայաստանում դպրոցները փակվեցին մեկ շաբաթով:
Մարտի 10. Իտալիայում հայտարարվեց ամբողջական կարանտին:
Մարտի 11. Հայաստանում գրանցվեց 3 նոր դեպք Իտալիայից ժամանած անձանց շրջանակում:
Մարտի 11. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց ՊԱՆԴԵՄԻԱ:
Մարտի 12. Հայտնաբերվեց Էջմիածնի դեպքը: Կտրուկ միջոցառումներ սկսեցին ձեռնարկվել:
Մարտի 12. Մանկապարտեզները, դպրոցները, բուհերը փակվեցին Հայաստանում:
Մարտի 12. Դադարեցվեց քարոզարշավը, վարչապետը վերադարձավ արձակուրդից, պետական կառավարման ողջ համակարգն անցավ արտակարգ ռեժիմի:
Մարտի 13. Չեխիան հայտարարեց կարանտին: Գերմանիայի եւ Ավստրիայի հետ սահմաններին հսկողություն է սահմանվել, 15 երկրների քաղաքացիների մուտքը արգելված է:
Մարտի 14. Փակվեց Վրաստանի հետ սահմանը՝ բացառությամբ բեռնափոխադրումների:
Փակվեցին թատրոնները, գրադարանները եւ այլ մշակութային օջախներ, արգելվեցին բոլոր հանրային միջոցառումները:
Լրացուցիչ տեղեկություն. օրական օդային եւ ցամաքային ճանապարհով մուտքը Հայաստան կազմում է միջինում 3000 անձ: Այսինքն՝ 2 շաբաթվա կտրվածքով այդ թիվը կազմում է շուրջ 42.000-45.000 մարդ: Այս պատճառով է, որ կառավարությունը առաջնահերթ ինքնամեկուսացման հորդոր է հնչեցրել: