Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը մայիսի 9-ին այցելել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարան՝ իր ողջույնները փոխանցել Սուրբ հողում գտնվող տարբեր քրիստոնեական եկեղեցիների առաջնորդներին: Ռիվլինի հետ հանդիպմանը հայկական պատրիարքարանում ներկա են եղել Հայ առաքելական, հույն-օրթոդոքս և լատինական եկեղեցու Երուսաղեմի թեմի առաջնորդները:
«Նացիստական ռեժիմը հրեաների դեմ իր ծրագրերն իրականացրել է հաջողությամբ, քանի որ աշխարհը լուռ էր և ոչ թե բարձրայնում աշխարհին Հայոց ցեղասպանության մասին»,- ինչպես փոխանցում է Nouvelles d`Armenie-ն, ասել է Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը՝ հույս հայտնելով, որ Ռեուվեն Ռիվլինի նախագահության ընթացքում Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Իր խոսքում Ռիվլինն ընդգծել է, որ Իսրայելը բարոյապես պարտավոր է ճանաչել անցյալ դարի առաջին՝ Հայոց ցեղասպանությունը, թեև խուսափել է արտահայտել «ցեղասպանություն» տերմինը՝ ավելացնելով, որ «տեղի ունեցածն անհնար է անտեսել:
«Մենք պարտավոր ենք բարձրաձայնել փաստերի մասին, այլ ոչ թե մերժել այն»,- ասել է Ռիվլինը: Իսրայելի նախագահը շնորհավորել է քրիստոնյաներին մայիսի 9-ի և անցած զատկի տոների առթիվ և ավելացրել, որ մարդու իրավունքների պաշտպանությունն Իսրայելի համար առաջնային խնդիր է:
«Հայերը սպանվել են 1915 թվականին, իմ հարազատները հիշում էին հազարավոր հայ փախստականների: Իսրայելում ոչ ոք չի ժխտում, որ ողջ ազգը գազանաբար սպանվել է: Այսօր ես կաղոթեմ բոլոր զոհերի հոգու հանգստության համար ձեզ հետ Երսուսաղեմում՝ Հայոց պատրիարքարանում»,- իր խոսքն ավարտելով՝ նշել է Ռիվլինը: