«ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հանձնաժողովի երեկվա նիստի ժամանակ հայտարարել է, որ «Նաիրիտ» գործարանի հարցով հանձնաժողովի ստեղծումը հարցը փակելու լավագույն ձևն է, քանի որ հանձնաժողով ստեղծելու միջոցով հարցը փակելը կոմունիստական ժամանակներից եկած ավանդույթ է։ Իր ասածը հիմնավորելու համար Վարդան Այվազյանը հիշեցրել է «Մազութի հանձնաժողովի» ստեղծումը և դրա անպտուղ գործունեությունը։ «Մազութի հանձնաժողովի» անունը լսելուց հետո նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը միանգամից արձագանքել է. «Ոչ մի մազութի գործ էլ չի եղել, չկա մազութի գործ և չի էլ կարող լինել։
Փոխանակ ինձանից շնորհակալություն հայտնեին հանրապետությանը էլեկտրաէներգիայով ապահովելու համար, այդ կեղծ գործը սարքեցին մեզ վարկաբեկելու համար, Արշակ Սադոյանն ինքն է Դատախազությունում ասել, որ լափած մազութի մասին խոսելով՝ ընդամենը կատակել է։ Իրենց սրած բիզը մտավ իրենց…»։ Պատգամավորներից մեկի հարցին, թե ո՞ւմ սրած բզի մասին է խոսքը, Բագրատյանը պատասխանել է. «Գնացեք Ռոբերտ Քոչարյանից հարցրեք»»,–գրում է թերթը։