Կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրման հարցով արտահերթ նիստ հրավիրե- լու անհաջող փորձից հետո խորհրդարանական հայտնի չորս ուժերը ձեռնամուխ են եղել հարցի քննարկման մեկ այլ տարբերակի: Հիշեցնենք, որ Աժ ոչ իշխանական ուժերի հրավիրած արտահերթ նիստը չկայացավ, քանի որ իշխող Հանրապետականը բոյկոտեց այն: Այժմ այդ քաղաքական ուժերը որոշել են հարցը մտցնել հերթական քառօրյա՝ օգտվելով Աժ կանոնակարգ-օրենքի 52-րդ հոդվածի 6-րդ կետի հնարավորությունից, ըստ որի՝ առանց քվեարկության հարցը կընդգրկվի հերթական նստաշրջան և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ: «Պատգամավորների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ ներկայացված Ազգային ժողովի որոշման նախագիծն առանց քվեարկության ընդգրկվում է հերթական նստաշրջանի և առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերում և քննարկվում արտահերթ»,-ասված է կանոնակարգ-օրենքում: Արդեն երկու օր է՝ այս առնչությամբ խորհրդարանում ստորագրահավաք է անցկացվում և ակնկալվում է հարցը խորհրդարանում քննարկել հենց քառօրյա այս նստաշրջանում՝ նոյեմբերի 2-ին, երբ ՀՀԿ-ի բոյկոտն այլևս չի «փրկի», կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրման հարցը կքննարկվի՝ անկախ ՀՀԿ-ի ցանկությունից: