ԱՄՆ-ում և Կանադայում մոտ կես միլիոն մարդ Ծննդյան տոնը նշել է մոմերով: Այդ երկրներում տեղացել է ուժեղ ձյուն և սառցե անձրև, ինչի հետևանքով կտրվել են էլեկտրալարերը:
CBS News-ի հաղորդմամբ, զոհվել է մոտ 30 մարդ: Կանադայում զոհերի թիվը կազմում է 10 մարդ: Մահերի մեծ մասը եղել է գազից խեղդվելու պատճառով, երբ էլեկտրամատակարարման ընդհատման պատճառով նրանք փորձել են գազային օջախների միջոցով պատրաստել իրենց տոնական սնունդը և բարբեքյուն:
«Սա ամենահզոր տոնական մրրիկն է մեր 126-ամյա պատմության ընթացքում, և ամենահզոր սառցե մրրիկը` վերջին տասը տարում: Աշխատում ենք դժվարին պայմաններում, որպեսզի վերականգնենք էլեկտրամատակարարումը և ջեռուցումը: Ցավոք, ջերմաստիճանը զրոյից ցածր է, սառույցը չի հալվում»,- ասել է ամերիկյան Consumers Energy ընկերության մամուլի խոսնակ Դեբրա Կոդը: