2016-2017 թթ. ուսումնական տարում ավագ դպրոցների աշակերտներին մի շարք էական փոփոխություններ են սպասում: Այդ մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Նրա խոսքով` պետք է կարողանալ վերաիմաստավորել «ավագ դպրոց» հասկացությունը, որպեսզի այն ճիշտ աշխատի և իր տեղում լինի: «Եթե մենք ունենք անկախ թեստավորման կենտրոն, որը մոտավորապես ԱՄՆ-ի համակարգի նմանությունն ունի` իրականացնում է կենտրոնացված քննություններ, ապա այս դեպքում ավագ դպրոցից դեպի բուհ անցումը շատ կարևոր է դառնում: Ավագ դպրոցը հանրակրթության մեջ պետք է լինի այն օղակը, որը կկարողանա միջոց ծառայել բուհ անցման համար»,- նշեց Մկրտչյանը:
Ավագ դպրոցն այնքան էլ արդյունավետ չի գործում, քանի որ, Մկրտչյանի կարծիքով, ամբողջությամբ պահում է դպրոցական ծրագրերի ծանրաբեռնվածությունը:
«Այս տարի որոշեցինք, որ պետք է ինչ-ինչ փոփոխություններ լինեն ավագ դպրոցի ուսումնական ծրագրում: Դեռևս առաջին տարվա համար` դեկտեմբեր ամսին, 12-րդ դասարանում սովորող աշակերտը կվերջացնի բոլոր առարկայական քննությունները և կընտրի այն երեք ուղղությունները, որոնց մեջ էլ ուզում է խորանալ և հետագայում այդ մասնագիտությամբ բուհ ընդունվել: Հունվար ամսից 12-րդ դասարանցիները կսովորեն միայն այդ երեք ուղղություններով»,- ասաց նա:
Նա նշել է նաև, որ ուսուցիչների աշխատավարձերի կրճատումներ չեն լինի, որովհետև այնպես են անելու, որ կարողանան «անհրաժեշտ» 34 ժամն ապահովել, պարզապես աշակերտը երեք առարկայի վրա կկենտրոնանա: Փոփոխությունն իրականացնելու ճանապարհին, սակայն, Մկրտչյանի հավաստմամբ, մեկ այլ խնդիր է առաջանում` փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցների դեպքում հարցը պետք է կարգավորվի այլ եղանակով:
«Խնդիրը բավական դժվար է լուծել, քանի որ Հայաստանի դպրոցների կեսից ավելին 300 աշակերտից ցածր թվաքանակ ունեն, և հոսքային ուսուցում ապահովելը բարդ է: Փոքրաթիվ աշակերտներ ունեցող ավագ դպրոցներում եթե ունենանք թվաքանակ, որը հնարավորություն կտա հոսքային պարապմունքներ անել, հիանալի կլինի, իսկ եթե չունենանք թվաքանակ, այդտեղ ձևաչափը մի փոքր այլ կլինի` աշակերտը հնարավորություն կունենա իր դպրոցում սովորել իր ընտրած երեք առարկաներն արդեն դասղեկի կամ կոնկրետ ուսուցչի միջոցով` առանձնացված ձևով` գրադարանում կամ համակարգչային սենյակում: Այսինքն` երեք առարկայի սկզբունքը կպահպանվի»,- լրագրողների հետ զրույցում նշեց Լևոն Մկրտչյանը, հավելելով, որ եթե համակարգն արդարացրեց իրեն, կկարողանան հաջորդ տարվանից 12-րդ դասարանում ամբողջությամբ այս մեթոդը կիրառել, ոչ թե միայն մեկ կիսամյակ: Այս դեպքում, ըստ նրա, աշակերտը կկարողանա 12-րդ դասարանում նաև կրեդիտներ հավաքել, ինչպես նաև մասնագիտական պրակտիկա անցնել:
«Հիանալի կլինի, եթե կարողանանք հասնել նրան, որ 12-րդ դասարանի աշակերտը, հոսքային մասնագիտորեն կողմնորոշում ունենալուն զուգահեռ, հնարավորություն ունենա 12-րդ դասարանում տեսնել, թե իր մասնագիտությունն ինչ կիրառելիություն ունի, բացի այդ` կոնկրետ աշխատել կրեդիտների վրա և դրանք վերցնել, տեղափոխել բակալավրիատ: Ի դեպ, սեպտեմբերից քննարկման ենք դնելու «Բարձրագույն կրթության մասին» օրենքը, որն արդեն պատրաստ է, և այստեղ էլ լուրջ փոփոխություններ կան, որոնք օգնելու են ավագ դպրոցի կայացմանը»,- եզրափակեց նախարարը: