«Այլ ակնոցով նայեք»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում խորհուրդ տվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ տարբերություն, թե ինչ անունով է ավելի քան 65 հազար պետական ծառայողներից պահվելու 5% վճար: «Հուլիսի 1-ից բարձրացնելու ենք երկու հարյուր հազար պետական աշխատողների աշխատավարձերը, միջինում՝ 40 տոկոսով, և կառավարությունը համարձակ քայլ է իրականացրել ՝ մոտ 38 միլիարդ հատկացրել է այդ աշխատավարձերի բարձրացմանը: Եվ մենք պետական սեկտորի համար նպատակային սոցիալական վճար ենք սահմանում և դա, իմ կարծիքով, շատ ճիշտ քայլ է: Եվ մասնավոր ոլորտի համար դա մինչև 2017 թվականը հետաձգված է: Հուլիսի 1-ից մնացածի համար կդառնա պարտադիր»,- ասաց Հ. Աբրահամյանը:
Անդրադառնալով գործարարների՝ ստվերից դուրս գալու խնդրին, Հ. Աբրահամյանը ասաց, որ այս տարվա հուլիսի 1-ից ֆինանսների նախարարությունը 10 օրը մեկ հաշվետվություն կներկայացնի: «Մեր արդյունքները մենք կգրանցենք հուլիսի 1-ից, տասնօրյակը մեկ Ֆինանսների նախարարությունը հաշվետվություն կտա նաև հանրությանը՝ որ հարկատուի մոտ ինչ տենդենց կա, հարկերը ինչքան են ավելացրել, վճարումներն ինչքան են ավելացրել»,- ասաց վարչապետը։
Անդրադառնալով Գառնիի տաճարը վճարովի տալու խնդրին, Հ. Աբրահամյանը ասաց. «Ես լուրջ խոսակցություն եմ ունեցել նախարարի հետ, անպայման քայլեր կձեռնարկվեն, և մարդիկ կպատժվեն»:
Լրագրողները վարչապետից հետաքրքրվեցին, թե իր երկու փեսաներին բարձր պաշտոններում տեղավորե՞լը նկատի ուներ նա, երբ ասում էր, թե սկսելու են իրենցից: «Եթե դուք այդպես եք մտածում, այդպես եք ընկալում, ապա ես՝ ոչ»,- պատասխանեց վարչապետը:
Քառյակի 12 կետերի մասին խոսելուց էլ վարչապետն ասաց, որ ցանկացած ողջամիտ առաջարկություն իրենց կողմից ընդունվելու է, իսկ այդ 12 կետերի մեծ մասը արտացոլված է կառավարության ծրագրում: «Մեզ համար կարևոր չէ, թե ով է առաջարկում այդ կետերը, կարևորը, որ մենք կատարենք գործ, որը մեր տնտեսությունը կզարգացնի և կստեղծի հավասար պայմաններ մեր բոլոր հարկատուների համար»,- ասաց նա: