ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր մամուլի ասուլիսում խոսեց ծննդատների մասին: Նա հիշեցրեց, որ 2018-ին եղել է ծննդատների վիճակի գնահատում, եւ մարզային իշխանությունն էլ դա իմացել է: «Եթե հիմա մենք տեսնում ենք Երեւանում՝ տարբեր ծննդատներում, վերակազմակերպման գործընթաց, սա լինելու է շարունակական»,- մանրամասնեց կառավարության անդամը:
Արսեն Թորոսյանը վիճակագրական տվյալներ ներկայացրեց, թե վերջին օրերին քննարկվող ծննդատները քանի ծնունդ են ընդունել տարեկան: Մարալիկի ծննդատունը՝ 126 ծնունդ՝ 2018-ին, 102-ը՝ 2019-ին: Աչաջուր՝ 88 ծնունդ 2018-ին, 79-ը՝ 2019-ին:
Ինչու է նախարարությունը տարեկան ծննդի շեմ որոշել 150 թիվը: Դա, ըստ Թորոսյանի, շատ ցածր շեմ է: «Ի սկզբանե քննարկել էինք տարեկան 300 թիվը, բայց վիճակագրությունն ունենալիս 150 որոշեցինք, որ գոնե երկու օրը մեկ ծնունդ լինի»,- ասաց կառավարության անդամը:
Նախարարը հռետորական հարց հնչեցրեց՝ արդյոք ուզում ենք լուրջ զբաղվել մանկական ու նորածնային մահացությամբ: «Եթե ուզում ենք, ապա մեր քաղաքականությունը ճիշտ է: Խոսքս ուղղում եմ նաև ԱԺ պատգամավորներին»,- պնդեց կառավարության անդամը:
Այն դիտարկմանը, թե վերոնշյալ ծննդատներում մանկական մահացություն չի եղել, նախարար Թորոսյանն ասաց՝ չի եղել, որովհետեւ դրանք ի սկզբանե նախատեսված չեն բարձր ռիսկի հղիների համար:
Կառավարության անդամը ներկայացրեց այն ժամաքանակը, որ պետք է ծախսեն այլ ծննդատներ հասնելու համար:
Նախարարն անդրադարձավ նաև իր հասցեին հնչող մեղադրանքներին, այն է՝ եթե ծննդատուն է փակվում, ինչպես են ավելացնելու ծնունդները: Ծնունդներն ավելացնելու ենք ոչ թե ծնունդների առկայությամբ, այլ ծննդաբերող կանանց պատշաճ բուժօգնություն ցույց տալով:
Արսեն Թորոսյանը նաև տեղեկացրեց, որ 12 բուժհաստատություն վերանորոգվելու է պետբյուջեով: