Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը դիմել էր քաղաքապետարան եւ հիմնավորում պահանջել` մայրաքաղաքի բյուջեից Հայաստանի ավագանիների ասոցիացիային փոխանցվող 11 մլն դրամի մասին: Ասոցիացիայի ղեկավարը ՀՀԿ պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանն է:
Araratnews.am-ին հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը պատասխանել է «Ելքի» անդամին: Սակայն, ըստ Դավիթ Խաժակյանի, քաղաքապետարանի պատասխանն անհիմն է: Պարզվում է` Հայաստանի ավագանիների ասոցիացիային փոխանցված 11 մլն դրամը ոչ թե ավագանիների ասոցիացիային անդամակցելու վճար է, այլ անհատույց նվիրատվություն արտադրական ծախսերի համար: Սակայն եթե կառույցը փաստացի չի գործում, «Ելք» խմբակցության ղեկավարի համոզմամբ, արտադրական ծախսեր չեն կարող լինել:
Դավիթ Խաժակյանը կարծում է, որ տարեկան 11 մլն դրամը փոխանցում են Հայաստանի ավագանիների ասոցիացիայի ղեկավարի կազմի կարիքները հոգալու համար: Սա էլ դեռ բավական չէ, քաղաքապետարանը 2018-ի բյուջեի ծրագրով եւս նախատեսել է 11 մլն դրամ փոխանցել փաստացի չգործող ավագանիների ասոցիացիային: «Ես անգամ ավագանիների ասոցիացիայից պահանջել եմ ինձ տալ «Ավագանի+» պաշտոնաթերթի վերջին համարը: Սակայն ոչ մի պատասխան չեմ ստացել: Հաշվի առնելով, որ Արայիկ Հովհաննիսյանը մինչ օրս լռում է, նշանակում է՝ ՀՀԿ պատգամավորն այդ գումարները վատնել է»,- մանրամասնեց պրն Խաժակյանը:
«Ելք» խմբակցության անդամի խոսքով՝ քաղաքապետարանը 11 մլն դրամ փոխանցում է նաև Հայաստանի համայնքների միությանը, որի ղեկավարն Էմին Երիցյանն է: Դավիթ Խաժակյանը, սակայն, կարծում է, որ այդ միությունը, ի տարբերություն Հայաստանի ավագանիների ասոցիացիայի, գործում է, միջոցառումներ է կազմակերպում:
Դիմեցինք նաև ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե «Ելք» խմբակցության ավագանու անդամի հայտարարությանն ընթացք տվե՞լ են: Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը մեզ տեղեկացրեց՝ «Ելք» խմբակցության ավագանու անդամի հայտարարությունը դատախազությունն ուսումնասիրում է:
Հ.Գ. Araratnews.am-ը մոտ մեկ ամիս առաջ գրավոր հարցում էր ուղարկել Հայաստանի ավագանիների ասոցիացիա եւ խնդրել մեզ տրամադրել իրենց հաշվետվությունը: Սակայն մինչ օրս որեւէ պատասխան չենք ստացել, իսկ ասոցիացիայի ղեկավար, պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը խույս է տալիս այդ հարցերից:
Սոնա Դավթյան