տուն Լուրեր 11 քաղաքապետ. Համբարձումից մինչև Տարոն (տեսանյութ). a1plus.am

11 քաղաքապետ. Համբարձումից մինչև Տարոն (տեսանյութ). a1plus.am

91
0

Հայաստանի Հանրապետության առաջին տարիներին գործում էր մայրաքաղաքի ղեկավարման խորհրդային մոդելը։ Ազգաբնակչության ընտրած քաղխորհրդի պատգամավորներն իրենց միջից ընտրում էին քաղաքապետին։ 1990 թվականի քաղխորհրդի ընտրություններից հետո Երեւանի քաղաքապետ է դառնում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանը։ 1992-ին նա հրաժարական է տալիս, այնուհետեւ՝ սպանվում: Նրան փոխարինում է Վահագն Խաչատրյանը, որը կարգավորում է քաղխորհրդի հետ քաղաքապետի խաթարված հարաբերությունները և պաշտոնավարում մինչև 1996թ-ի փետրվարը։

1995-ի հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրությամբ Երեւանի քաղաքապետարանին տրվում է մարզպետարանի կարգավիճակ. քաղաքապետը նշանակվելու էր Հայաստանի նախագահի հրամանագրով։ Այս կարգն ուժի մեջ է մտնում 1996-ի փետրվարից. Նախագահի հրամանագրով քաղաքապետ է նշանակվում Աշոտ Միրզոյանը: Ըստ որոշ լուրերի, նրա նշանակումը ժամանակավոր էր, քանի որ վերեւներում փոխզիջում չկար նոր քաղաքապետի անձի շուրջ:

Նույն տարվա վերջին կոմպրոմիսը գտնվում է՝ քաղաքապետի պաշտոնում է հայտնվում Տեր-Պետրոսյանի վստահելի եւ ազդեցիկ դեմքերից մեկը՝ Վանո Սիրադեղյանը: 1998-ի ներիշխանական հակասությունների ժամանակ առաջացած ճգնաժամի գագաթնակետին Տեր-Պետրոսյանի թիմից առաջինը հրաժարական տվեց հենց Սիրադեղյանը՝ փաստացիորեն հասկացնելով, որ հեռանում է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իրադարձությունների հետեգա ընթացքը ստիպեց, որ Վանոն լքի Հայաստանը՝ խույս տալով նոր իշխանության հետապնդումներից:

Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանի առաջին քաղաքապետը Սուրեն Աբրահամյանն էր: Նա ով պաշտոնավարեց մեկ տարի՝ 1999թ-ի խորհրդարանական ընտրություններից հետո նշանակվելով Ներքին գործերի նախարար վարչապետ Վազգեն Սարգսյանի կաբինետում: Սակայն 1999թ-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը սասանեց Աբրահամյանի դիրքերն իշխանության ճամբարում: Ուստի նա հրաժարական ներկայացրեց:

Նույն ճակատագիրն էր սպասում նաև քաղաքապետի պաշտոնում նրան փոխարինած Ալբերտ Բազեյանին: Վերջինս ազդեցիկ դեմք էր Վազգեն եւ Արամ Սարգսյանների կաբինետներում, սակայն երկրորդի պաշտոնանկությունից հետո՝ ամբողջովին կորցրեց իր ազդեցությունը՝ եւ քաղաքապետի աթոռից հեռացվեց 2001թ-ի հունվարին: Սեփական բյուջե չունեցող մայրաքաղաքաքի քաղաքապետ Ալբերտ Բազեյանի հրաժարականին նախորդել էր նրան ուղղված նախագահ Քոչարյանը հետեւյալ տարակուսանքը՝ փողի վրա նստած փո՞ղ եք ուզում:

2001-2009թթ-ին Ռոբերտ Քոչարյանը Երեւանի ղեկավարումը վստահում է տեխնոկրատների, սկզբում՝ Ռոբերտ Նազարյանին, ապա՝ Երվանդ Զախարյանին: Երկուսն էլ ադմինիստրատիվ աշխատանքի հարուստ փորձ ունեին սակայն հենց նրանց պաշտոնավարման օրոք էապես խաթարվեց կամ փոխվեց մայրաքաղաքի քաղաքաշինական, ճարտարապետական դիմագիծը:

Արդեն Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց հետո փոխվում է Երեւանի կառավարման համակարգը: 2009-ին առաջին անգամ տեղի են ունենում Երեւանի ավագանու ընտրություններ՝ բացառապես համամասնական համակարգով: Դրանցում հաղթանակ է տանում Սերժ Սարգսյանի կուսակցությունը՝ Հանրապետականը, որի ցուցակը գլխավորող Գագիկ Բեգլարյանն էլ ընտրվում է քաղաքապետ: Բեգլարյանին չի ներվում իր պաշտոնի հետ կապ չունեցող մի սկանդալ՝ 2010 թվականին Պլաչիդո Դոմինգոյի համերգի ժամանակ նա անձամբ ծեծում է Սերժ Սարգսյանի աշխատակազմի մի պաշտոնյայի, ու մի քանի օր հետո հրաժարական տալիս հենց այդ պատճառով։

Նրան փոխարինում է ՀՀԿ ավագանու համասնական ցուցակի 5-րդ համարում գտնվող Կարեն Կարապետյանը՝ «ՀայՌուսգազարդի» տնօրենը: Նա ուներ մենեջերական հատկություններ, սակայն, կարծես թե, չէր նույնացվում հանրապետական մեծամասնության, Սերժ Սարգսյանի շրջապատի հետ:  Կարապետյանը շատ արագ է լքում պաշտոնը, երբ գործնական գրավիչ առաջարկ  է ստանում Մոսկվայից:

2011 թվականի հոկտեմբերից Երևանի քաղաքապետարանը ղեկավարում է Տարոն Մարգարյանը, որը Սերժ Սարգսյանի բոլոր հանձնարարություններն անվերապահորեն կատարողի իմիջ ունի։ Նա պաշտոնը պահպանում է նաեւ 2013-ի մայիսի 5-ի ավագանու ընտրություններից հետո։ Այսօր հենց Տարոն Մարգարյանն էլ գլխավորում է Հանրապետականի ցուցակը այս տարվա մայիսի 14-ի ավագանու ընտրություններում: