Երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ մերժվեց 10000 հազար դրամի գողության համար մեղադրվող Հասմիկ Սարգսյանի պաշտպաների կողմից ներկայացված բողոքը:
Սարգսյանի իրավապաշտպան Արա Ղարագյոզյանը նշում է, որ դեռ դատարանի որոշումը չկա, և հայտնի չէ, թե ինչ հիմքով է մերժվել Սարգսյանի բողոքը։
«Ես բացասական եմ գնահատում դատարանի նման որոշումը, քանի որ Հասմիկ Սարգսյանին խոշտանգման հետևանքով 5000 դրամի փոխարեն 10000 են գրել տվել, և այդ ամեն ինչը կատարվել է երեխայի ներկայությամբ, երեխային չեն հարցաքննել»,- ասաց պաշտպանը։
Փաստաբանը պնդում է, որ չեն ցանկացել այդ գործը բացահայտել, և դատարանն էլ ուշադրության չի արժանացրել այդ ամենը․ «Ամեն դեպքում սա խայտառակություն է, որ այս գործով մեր բողոքը մերժվեց»։
Հարցին, թե որտեղ է այժմ գտնվում գողության մեջ մեղադրվող կինը, Ղարագյոզյանը նշեց, որ նա դեռևս ազատության մեջ է․ «Քանի որ Հասմիկի վճռաբեկ բողոքը գողության հիմքով վարույթ է ընդունվել, նա ազատության մեջ է մինչև վերջնական դատական ակտի կայացումը»։
Նշենք, որ Հասմիկ Սարգսյանն ապրում է Սիսիան քաղաքում երեք անչափահաս երեխաների հետ։ Եթե Վճռաբեկ դատարանը բողոքը մերժի, և Հասմիկին տանեն քրեակատարողական հիմնարկ, անչափահասները որբ կմնան։ Նրանց հայրն էլ Հայաստանում չէ։
«Այստեղ ոչ միայն Հասմիկ Սարգսյանի խնդիրն է, այլև երեխաների լավագույն շահը պետք է հաշվի առնեին դատական ակտը կայացնելիս, բայց, ցավոք սրտի, դեռ որևէ դրական որոշում չենք տեսնում դատարանների կողմից Հասմիկ Սարգսյանի գործով»,- ընդգծեց Ղարագյոզյանը։
Փաստաբանի խոսքով, Հասմիկ Սարգսյանը ծանր առողջական խնդիրներ ունի, փորձել է աշխատել, բայց չի կարողացել և ստիպված դիմել է այդ քայլին։