ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ երեկ Կառավարության նիստին ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է ՀՀ քաղաքացիներից ամսական պարտադիր կերպով գանձել հազարական դրամ, բուռն քննարկումների տեղիք է տվել: Սոցիալական ցանցերում մարդիկ իրենց դժգոհությունն են հայտնում, սակայն ոչ թե նրա համար, որ չեն ցանկանում աջակցել հայ զինվորին, այլ նրա համար, որ վստահություն չունեն իշխանությունների նկատմամբ, եւ վստահ չեն, որ այդ գումարները կծառայեն իրենց նպատակին: Բացի այդ, նման որոշում կայացվել է առանց հասարակական քննարկումների:
Թեմայի վերաբերյալ Araratnews.am-ը զրուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:
Պարո՛ն Բաբայան, հասարակության կողմից միանշանակ չընդունվեց հազար դրամ պարտադիր հավաքելու որոշումը: Արդյոք դա պայմանավորվա՞ծ չէ այն հանգամանքով, որ չունի վստահություն իշխանության նկատմամբ: Նորմա՞լ եք համարում, որ պարտադրանքով գումար են գանձում:
Նախ ասեմ, որ այն մարդիկ, ովքեր ցածր աշխատավարձ են ստանում, այնտեղ նշված է, որ նրանցից չի գանձվելու այդ հազար դրամը: Բայց սա հանրային տուրքի մի գաղափար է, մի բան է՝ միշտ խոսել, մի այլ բան՝ ինչ-որ ձեւով մասնակից լինել: Հասկանում ենք, որ սա սոցիալական խնդիր է, ոչ թե քաղաքական, կարծում եմ, երբ բոլորը տեսնեն, որ այդ գումարները, այդ գումարների հավաքումը ինչ արդյունք են տվել, մարդիկ ըմբռնումով կմոտենան: Գիտենք, որ սոցիալական խնդիր կա, բայց պետք է հասկանանք, որ եթե ժողովրդական բանակ ենք ուզում կառուցել, ապա բոլորս պետք է միավորվենք, կարծում եմ՝ ժամանակի ընթացքում այդ հարցադրումները չեն լինի:
Կարելի է ենթադրել, որ սա արվում է Վիգեն Սարգսյանի «ազգ-բանակ» գաղափարախոսության ենթատեքստում:
Չէ՛, սա դրա մի փոքր մասն է, պետք չէ շահարկել մեր ամենամեծ գործոնը՝ մեր անկախության, ազատության գործոնը՝ բանակը, որի մասին մենք միշտ երազել ենք: Լավ, մեկ բան է կենացներ խմել բանակի համար տարբեր տեղեր, դրանով չի ստացվի հայրենասիրությունը, այլ բան է գործուն մասնակցությունը: Ես հասկանում եմ, որ շատերը բարդ իրավիճակում են եւ այլն, բայց ինչ ասեմ՝ պետք է խնդրենք, որ ժողովուրդը միաբանվի եւ այս հարցի շուրջ ավելի ըմբռնումով մոտենա, այս պահին մենք սրա կարիքը ունենք:
Բանակում առկա չարաշահումների, կոռուպցիոն ռիսկերի մասին միշտ է խոսվել, արդյո՞ք այդ ամենի հետևանքը չեղավ այն, որ այսօր կառավարությունը հույսը դրել է ժողովրդի վրա:
Բա ժողովուրդը չպե՞տք է իր բանակը պահի: Կա մի ասացվածք. եթե դու չես կերակրում քո բանակը, կերակրելու ես թշնամու բանակը: Լավ, ինչ անենք. ես չեմ խոսում չարաշահումների մասին, ով արել է՝ պետք է պատժվի, բայց եթե հիմա կարիքը կա, հիմա մենք հազար դրամի համար մտնենք ռազբորկաների մեջ, որ թշնամին տեսնի՝ ուրախանա՞: Հիմա, եթե այդ կարիքը կա, չանե՞նք բանակի համար: Ի՞նչ անենք, գնանք վարկեր վերցնենք, էլի ժողովուրդը պետք է վարկը տա:
Բայց կա պարտադրանք:
Դուք դա դարձնում եք արդեն շահարկումների առարկա, ի՞նչ է, իշխանությունն օտա՞ր է, բոլորն էլ մի ժողովուրդ են, իշխանությունն էլ ժողովրդի մի մասն է, ի՞նչ է, չտա՞նք բանակին, ի՞նչ է, նման զրույց անենք, մանավանդ որ եղածը հազար դրամ է: