ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ-ում խոսեց իր հեղինակած՝ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի փոփոխության մասին, որին միացել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը:
ԱԺ փոխնախագահը ներկայացրեց օրենքի նախագիծը, ըստ որի՝ նախատեսվում է արգելել գազալցակայաններում և այլ վայրերում տեղադրված ավտոմատացված սարքավորումները օրենքի ընդունումից հետո 10-օրյա ժամկետում, իսկ բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը՝ 2020 թվականի նոյեմբերից: Միայն Ջերմուկում, Սեւանում եւ Մեղրիում կգործեն խաղային ապարատները եւ բուքմեյքերական գրասենյակները:
ԱԺ փոխնախագահը հիշեցրեց՝ բուքմեյքերական գրասենյակները, խաղային ապարատները գործում են բնակավայրերին կից եւ բացասական ազդեցություն ունենում. ստեղծում են վիճակախաղերի նկատմամբ հրապուրանք:
Ելույթից հետո Ալեն Սիմոնյանին հարցեր ուղղեցին պատգամավորները: «Իմ քայլը» խմբակցությունից Հովհաննես Իգիթյանը հարցրեց՝ խաղային ապարատներից ու բուքմեյքերական գրասենյակներից օգտվողների տարիքային շեմը բարձրացնելը (18-ից դառնում է 21 տարեկան — խմբ.), ազդելո՞ւ է օտարերկրացի զբոսաշրջիկների վրա: ԱԺ փոխնախագահն ասաց, որ օնլայն տիրույթում խաղերից օգտվելու համար պետք է գրանցվել, տվյալներ ներկայացնել, իսկ խաղասրահ մտնելիս՝ անձնագիր ներկայացնել: «Տարիքային այդ շեմը վերաբերում է բոլորին»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Արթուր Գրիգորյանը դրական համարեց օրենսդիր մարմնի անդամի նախաձեռնությունը՝ հավելելով, որ զբաղվածության խնդրի մասին եւս պետք է մտածել: Ալեն Սիմոնյանն ասաց, որ վերոնշյալ օրենքի փոփոխությունը կարող է վերաբերել 700 աշխատակցի: «Բայց սրա կողքին էլ 1000-3000 մարդ մոլի խաղացող են»,- հիշեցրեց օրենքի հեղինակը: