Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ իրականացվելիք ծրագրերը: Դրանցից առաջինը, ըստ Վիրաբյանի, փաստաթղթերի հրատարակումն է երեք լեզվով:
«Երկրորդը հայերի նյութական մշակութային կորուստների մասին հատորների շարք է: Նախատեսում ենք արխիվում եղած փաստաթղթերը հանել: Ես միշտ ասել եմ՝ 100-ամյակով ոչինչ չի ավարտվում, 100-ամյակով նոր ամեն ինչ սկսվում է: Հաջորդ նպատակը` գոնե 100 տարի հետո պատրաստել մի շտեմարան, որտեղ ներառված կլինեն բոլոր այն մարդկանց տվյալները, ովքեր դարձել են Ցեղասպանության զոհ: Մենք հիմա ունենք ամենաշատը 1000 մարդու տվյալ, այնինչ, հրեաները ունեն հոլոքոստի 6 միլիոն զոհերի անունները և նրանցից 3 միլիոնի նկարները»,- ասում է նա:
Մենք փորձում ենք աշխարհին ներկայացնել 100 մարդկանց, նրանց, ովքեր փրկվել են Ցեղասպանությունից և հետո տարբեր ասպարեզներում դարձել են աշխարհահռչակ: Մեկի անունը Վիրաբյանը հիշատակեց. «Օրինակ` Արշիլ Գորկի»:
«Մենք պետք է ապացուցենք, որ ոչ միայն Ցեղասպանություն ենք տարել, այլև շարունակում ենք ապրել: Մի մոռացեք նաև, որ այսօրվա Հայաստանի բնակչության 50 տոկոսը Արևմտյան Հայաստանի արմատներ ունի: Վերջին հաշվով Ցեղասպանությունը կապված է 1-ին աշխարհամարտի հետ, մենք որոշել ենք մի ձեռնարկ հրատարակել, որում կպատմենք Առաջին աշխարհամարտին մասնակցած հայերին»,- եզրափակեց նա: