տուն Լուրեր 10 ստրիպտիզ ակումբ, նույնքան կարաոկե եւ 2 դիսկոտեկ կփակվեն. Կարապետյանի...

10 ստրիպտիզ ակումբ, նույնքան կարաոկե եւ 2 դիսկոտեկ կփակվեն. Կարապետյանի հանձնարարականի հետքերով

411
0

2016 թվականի նոյեմբերի 10-ին Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց տնտեսական զարգացման և ներդրումների, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին՝ համագործակցելով համայնքների ղեկավարների հետ, բազմաբնակարան շենքերում և դրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային ակումբների և նման զվարճանքի օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում՝ այլ վայրեր տեղափոխելու նպատակով համատեղ ներկայացնել օրենսդրական անհրաժեշտ լուծումների վերաբերյալ առաջարկություններ:

«Խոսքը գնում է ստրիպտիզ ակումբների և դրա նման զվարճանքի ակումբների մասին, որովհետև շատ բողոք կա բազմաբնակարան շենքերի տակ և՛ բարոյական կերպարի, և՛ անհանգստության մասին»,- մեկ տարի առաջ ասել էր  Կարեն Կարապետյանը:

2017 թվականի նոյեմբերի 27-ին Կառավարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվեց  «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Սա ենթադրում է, որ հեստապարային ակումբները, կարաոկեները, դիսկոտեկները կտեղափոխվեն բազմաբնակարան շենքերի հատվածներից:

Փաթեթի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբում մի քանի ամիս է՝ ներգրավվել է վարչապետի ավագ օգնական Արամ Վարդեւանյանը: Araratnews.am-ի հետ զրույցում Արամ Վարդեւանյանը որոշ մանրամասներ ներկայացրեց, թե ի՞նչ մեխանիզմներով են գիշերային ակումբները, կարաոկեները եւ այլ ժամանցի վայրեր դուրս բերվելու բազմաբնակարան շենքերից, եւ ի՞նչ լուծումներ են մշակվել, որպեսզի ե՛ւ բնակիչները գոհ մնան, ե՛ւ գործարարները չտուժեն:

1901554_795035403843930_1212111314_n

«Մենք, կարելի է ասել, փորձել ենք բոլոր տեսակի հարցերը դնել քննարկման եւ գտնել այն լուծումը, որը կլինի ե՛ւ դիպուկ, ե՛ւ արդյունավետ, ե՛ւ համաչափ, այսինքն՝ հենց վարչապետի հանձնարարականով, քանի որ վարչապետի կողմից ներկայացված  հանձնարարականում ասվում էր, որ հաշվի առնենք գործարար միջավայրի շահերը, բայց միեւնույն ժամանակ պետք է գնանք այս օրենսդրական կարգավորմանը»,- ասաց վարչապետի ավագ օգնականը:

Վարդեւանյանի խոսքով՝ ուսումնասիրությունները կատարվել են Երեւանի քաղաքապետարանի կողմից: «Ունենք 22 նմանատիպ օբյեկտ, որից 10-ը հեստապարային օբյեկտներ են (այսինքն՝ ստրիպտիզ ակումբներ), 10-ը՝ կարաոկե եւ 2 դիսկոտեկ»,- ասաց Վարդեւանյանը, հավելելով, որ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում «հեստապարային ակումբ», «կարաոկե», «դիսկոտեկ» սահմանումները տրված չեն, ինչն էլ իր հերթին ուսումնասիրությունները ձգձգվելու պատճառ է դարձել: «Դա իրենից ինչ ռիսկեր է ներկայացնում: Կարող  է մեկը տեսնել մի օբյեկտ եւ ասել, որ սա միանշանակ կարաոկե է, իսկ սեփականատերն ասի, ո՛չ՝ դիսկոտեկ է»,- ասաց Վարդեւանյանը: Դիտարկմանը, թե սովորաբար  օբյեկտների վրա գրառում է  լինում, ծանուցում այն մասին, թե խոսքն ի՛նչ օբյեկտի մասին է, եւ դժվար չէ տարբերակելը,  Վարդեւանյանը չհամաձայնեց, նշելով, որ գործնականում կարող է լինել մեկ բան, տեսականորեն՝ այլ:

Բացի բազմաբնակարան շենքերին հարող տարածքներից, նմանատիպ օբյեկտներ կարգելվեն նաեւ հիվանդանոցների, պետական հաստատությունների՝ մշակութային կենտրոնների հարակից տարածքներում: Այս ամենը կարգելվի օրենքով:  Արամ Վարդեւանյանն  ասաց, որ օրենքը ուժի մեջ մտնելուց հետո կտրվի 1 տարի ժամանակ  սեփականատերերին:

Araratnew.am-ն առաջիկայում կհրապարակի նաեւ այն 22 օբյեկտների ցանկը, որոնք ենթակա են կա՛մ փակման, կա՛մ տեղափոխման այլ վայր:

Փայլակ Ֆահրադյան