տուն Լուրեր «10 օր հետո արդեն տղաս չի լինի». հացադուլ հայտարարած դատապարտյալի հայրը սպառնում...

«10 օր հետո արդեն տղաս չի լինի». հացադուլ հայտարարած դատապարտյալի հայրը սպառնում է ինքնահրկիզվել դատախազության շենքի դիմաց

173
0

1386756562,3232Գյումրու շտապբուժօգնության կայանի բժիշկ 65-ամյա Աշոտ Գրիգորյանին ծեծելով մահվան հասցնելու եւ մահ պատճառելու մեջ մեղավոր ճանաչված 30-ամյա Արտակ Կարապետյանը, ով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման եւ գտնվում է «Արթիկ» ՔԿՀ-ում, արդեն 30 օր շարունակ հացադուլի մեջ է: Ա. Կարապետյանի հայրը՝ Արամայիս Կարապետյանը, նշում է, որ տղայի վիճակը վատ է, նրա մոտ նկատվել է ճնշման անկում եւ կյանքին վտանգ է սպառնում:

«Երեք տարի շարունակ արդեն մենք բողոքում ենք, որովհետեւ սխալ հոդվածով են նստեցրել տղայիս: Երբ մահացավ բժիշկը, սկզբում քննիչը հոդված էր դրել՝ խուլիգանություն, որն անզգուշաբար մահ է հասցրել, 3 օր հետո այլ սցենար տվեցին ու փոխեցին՝ իբր գիտակցաբար, կանխամտածված սպանություն է իրականացրել իմ որդին: Հիմա տղաս արդեն 30 օր հացադուլի մեջ է, ճնշումը արդեն իջել է 40/60. մահվան դուռն է հասել: Այդ ընթացքում նաեւ ստամոքսի արյունահոսություն է ունեցել, տեղափոխել էին հիվանդանոց՝ տարել էին Երեւան, ինքը դարձյալ բողոքել եւ ետ էր եկել: Բերեցին «Արթիկ» ՔԿՀ, հիմա նա նստած է հացադուլի եւ բերանն էլ կարել է: Բոլորը ապշած են, որ այդ կերպ մարդ կարող է դիմանալ առանց սննդի»:

Դատապարտյալի հոր խոսքով՝ իրենց պահանջն է գործը վերանայել եւ փոխել հոդվածը, որով ազատազրկել են Ա. Կարապետյանին:

«Ինքը պահանջում էր՝ թող սրոկն էլ մնա նույնը, ամեն ինչը մնա նույնը, միայն թե փոխեն հոդվածը՝ կանխամտածված սպանության հարցը դուրս գա միջից: Հիմա ինքը պրիմ հոդվածով է նստած եւ ոչ մի բան չի ազդում իր վրա՝ համաներում, թե ինչ, չի ազդի ոչինչ:

Որդիս այս ընթացքում դիմել է ՀՀ նախագահին, ՀՀ դատախազին, Շիրակի մարզի դատախազին, պատասխանները կան ինձ մոտ. ոչ մեկը հուսադրող չէ: Մերժել են բոլորը: ՀՀ նախագահը մակագրել է ՀՀ արդարադատության նախարարությանը, արդարադատության նախարարությունը պատասխանել է, թե մեր իրավասությունից դուրս է:

Շիրակի մարզի դատախազի հրահանգով ես որդուս հետ երկու օր առաջ հանդիպեցի գաղութում: Մարզի դատախազը ասաց՝ գնացեք համոզեք` թող դուրս գա հացադուլից, մենք այս գործը կնայենք, բայց երբ` հայտնի չէ, գոնե մի հուսադրող բան ասեն, որ մարդն իմանա՝ գործով զբաղվող կա: Օգնե՜ք որդուս, նա սարսափելի վիճակում է. հիմա մնացել է ոսկորն ու կաշին, եթե չօգնեն, ես նրան կկորցնեմ: 32-ամյա որդուս ես կորցրեցի, իսկ 30-ամյա որդիս մահի հետ է կռիվ տալիս»:

Արամայիս Կարապետյանի խոսքով՝ որդու պահանջը այն է, որ ինքը պատասխան տա իր արարքի համար:

«Ինքն ասում է՝ եթե կատարել եմ խուլիգանություն եւ մահ է պատճառվել, թող ինձ դատեն ըստ այդմ: Թող անտեղի չմեղադրեն: Իմ տղան կործանվում է, ես այլեւս ոչինչ չունեմ այս աշխարհի տակ: Արթիկում ինքը հրաժարվել է նույնիսկ բժիշկներից, ես եմ գնացել խնդրել եմ, որ գոնե ճնշումը չափեն, որ տեսնենք ինչ վիճակ է իր մոտ: Ընդամենը 10 օր ժամանակ ունի, այլապես ես նրան կկորցնեմ:

Ամբողջ աշխարհին էլ խնդրել եմ, չգիտեմ էլ ում դիմեմ: Մնում է ինձ մեկ բան անելու՝ գնամ կանգնեմ դատախազության շենքի դիմաց, բենզինը լցնեմ ինձ վրա եւ վառեմ ինքս ինձ: Թող գիտենան, որ արդարությունը փրկել է պետք, այլեւս ուրիշ ոչ մի բան չի մնում ինձ: 10 օր հետո ուշ կլինի, էլ չեմ կարողանա հետ բերել նրան, կկորցնեմ որդուս»:

Արամայիս Կարապետյանը դժգոհ է թե՛ նախաքննության, եւ թե՛ դատաքննության ընթացքից: Նրա խոսքով՝ ամեն ինչ արել են, որ գործը իսպառ շուռ գա որդու դեմ: Դատաքննության ժամանակ շատ անպատասխան հարցեր են մնացել: Եւ հիմա ոչ մի կառույց ու գերատեսչություն նպատակահարմար չի գտնում անդրադառնալ այդ հարցերին:

«Տղաս քաշքշել է, ոչ ոք չի հրաժարվում, քերծվածքներ կար դեմքին, բայց շորերը արյունոտ ու պատառոտված չեն եղել, դեմքին արյուն չկար: Մեր տնից երբ դուրս են տարել, կադրերն այլ են, իսկ հետո բոլորովին այլ մարդ էր պառկած՝ ոտքերը, ձեռքերն ու դեմքը պատառոտված, ոնց որ արյունը քսած լինեին դեմքին ու սպիտակ խալաթին: Որտեղի՞ց առաջացավ արյունը, ի՞նչ կատարվեց հանկարծ եւ ինչո՞ւ նախօրոք դրված խուլիգանության հոդվածը փոխակերպվեց կանխամտածված սպանության. ոչ մի հարցի պատասխան չտվեց նախաքննությունը:

Մեկ կարեւոր հարց էլ՝ իրենք հրաժարվեցին արտաշիրիմումից, որը շատ հարցերի պատասխան էր տալու՝ ինչ էր իրականում սրսկել քույրը, երբ վատացավ մեր տան մեջ բժիշկը, նրա մոտ կա՞ր արդյոք գանգուղեղային հեմատոմա, թե ՞ ոչ…

Բոլոր այս հարցերը անպատասխան մնացին, դատաքննությունը ոչինչ էլ չօգնեց պարզելու այդ ամենը… այլ հաստատեցին նախաքննական մարմինների վարկածները:

Նյութն ամբողջությամբ`galatv.am-ում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here