Լուսանկարը` PAN Photo-ի
Քաղաքագետ Սարո Սարոյանը կարծում է, որ «Նոր Հայաստան»-ի գործողությունները ոչնչով չեն տարբերվի Հայաստանյան քաղաքական դաշտում գործած մյուս քաղաքական միավորումներից: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ պատասխանելով մեր հարցին, թե ինչ հաջողություն կունենա նոր ձեւավորված «Նոր Հայաստան» շարժումը: Հիշեցնենք, որ շարժման մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսում պաշտոնապես տեղեկացրեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Ըստ էության՝ Հայաստանի վերջին քսան տարվա պատմության մեջ միշտ էլ քաղաքական գործընթացներ զարգացել են, արդեն իսկ դա որպես փաստ, երբ նայում ենք, որ հաջողություններ ու արդյունքներ չկան՝ այդ առումով մի չափանիշ է, որ կարելի է գնահատել տեղի ունեցածը՝ դա նախկինում եղած գործողությունների կրկնությունն է: Նոր բան չկա, ընդամենը ֆորմատներն են փոխվել, ինչ-որ դաշինքների շրջանակն է փոխվել, բայց երեւույթը նույնն է»,- ասաց Սարո Սարոյանը: Այս առումով, ըստ քաղաքագետի, ինքը սպասելիքներ չունի:«Բացի այն, որ ֆորմատի առումով, այս եւ մյուս ուժերը միասին ինչ-որ դաշինք են կազմել, այլ ակնկալիքներ էլ չեմ տեսնում: Խնդիրների լուծման ճանապարհները չեն հստակեցվում, թե ինչ միջոցներով են լինելու, կամ նպատակներին հասնելու»,- մեկնաբանեց Սարո Սարոյանը:
Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի նախաձեռնած Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարում է նաեւ «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը: Հիշյալ նախաձեռնության հիմնադիրները, քաղաքական որոշ ուժերի, այդ թվում եւ «Նոր Հայաստան»-ի մեջ մտած քաղաքական ուժերի հետ միասին ձեւավորել են «Ոչ»-ի ճակատ, սակայն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիկյանը տեղեկացրեց, որ կան մարտավարական որոշակի տարբերություններ:
Քաղաքագետ Սարո Սարոյանից հետաքրքվեցինք, թե առկա մարտավարական տարբերություններն արդյոք պատճառ դարձան, որ մեկ գաղափարի շուրջ հերթական անգամ միավորում չկայացավ: Այս առնչությամբ Սարո Սարոյանը տվեց հետեւյալ պատասխանը.«Բայց խնդիրն արդյոք դրանում է. միավորվեն, որ ինչ անեն: Հիմա մենք երկու ուժերի միավորում տեսնում ենքˋ «Ժառանգությու-ը եւ «Հիմնադիր խորհրդարան»-ը, բայց, ինչպես արդեն նշեցի, նախկին միավորումները, որ արդյունք չեն տվել, ի՞նչ ակնկալիք կա, որ եթե այդ երկուսից բացի, եւս այլ ուժեր միավորվեն՝ արդյունք կլինի»: Քաղաքագետը հիշեցնում է, որ նախկինում այլ միավորումներ, ավելի մեծ թվով կուսակցությունների համագործակցություն է եղել, որը սակայն որեւէ արդյունքի չի հասել:
Միավորումն ի՞նչ պետք է տա՝ հարցադրում է անում քաղաքագետը, հավելելով, որ միայն միավորմամբ հարց լուծել հնարավոր չէ: Սարո Սարոյանն ասում է, թե գուցե քաղաքական դաշտում, որպես ընդդիմադիրներ հանդես գալու խնդիր են լուծում այն քաղաքական ուժերը, որոնք այսօր միավորվել են եւ փորձում են մեկ միասնական ճակատով հանդես գալ, բայց իրական խնդիրներ լուծելու ճանապարհներ այդպես էլ չեն մատնանշվում: «Արդյունք տալու համար բոլորովին այլ չափանիշներ են պետք։ Որպեսզի ավելի կոնկրետացնեմ իմ պատասխանը՝ այսպես կարող եմ ասել: Ասենք, «0+0+0»-ն երբեք հավասար չի լինի 1-ի: Այսինքն այդ միավորումը հաջողություն կարձանագրի միայն այն ժամանակ, երբ նրանք իրենցից ինչ-որ բան են ներկայացնում: Մենք նախկինում տեսել ենք, որեւէ արդյունք չկա այդ քաղաքական ուժերի մեջ, հետեւաբար այդ զրոների գումարից ակնկալիք կա՞, որ հանրությունը կարող է շահի, եւ այդ ընդհանուր դաշինքի գումարը կլինի երկու, երեք եւ այլն. սպասելիքներ չկան: Միավորվեն, չմիավորվեն, մեկ է, զրո է արդյունքը», -եզրափակեց քաղաքագետը:
Հիշեցնենք, որ Նոր Հայաստան միավորման խորհրդի կազմում ընգրկված են ներկայացուցիչներ «Ժառանգություն» կուսակցությունից, «Հիմնադիր խորհրդան»-ից, «Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնությունից, ինչպես նաեւ Պետրոս Մակեյանի ղեկավարած «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունից: