Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը Թուլուզում, Եվրոպայի 2015թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում մրցում էր ֆրանսիացիների հետ:
Նշենք, որ խաղն անցավ Ֆրանսիայի թիմի առավելությամբ և ավարտվեց դաշտի տերերի համոզիչ հաղթանակով՝ 6:0 հաշվով:
Խաղի հաշիվը բացեց «Լիոնի» 17-ամյա հարձակվող Էնտոնի Մարտիալը: 31-րդ րոպեին Լոիկ Լանդրեն անկյունային հարվածի խաղարկման արդյունքում կրկնապատկեց ֆրանսիացիների առավելությունը, իսկ 41-րդ րոպեին «Մարսելի» հարձակվող Ֆլորան Տովինը տուգանային հարվածով խփեց դաշտի տերերի երրորդ գնդակը:
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում` 55-րդ րոպեին Տովինը դարձավ դուբլի հեղինակ, հաշիվը դարձնելով 4:0, իսկ 71-րդ րոպեին Երևանի «Փյունիկի» պաշտպան Վարազդատ Հարոյանը ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում՝ ստանալով դեղին քարտ: Հայաստանի թիմի դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Ֆլորան Տովենը՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ: 87-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Սեբաստյան Հալլին գեղեցիկ հարվածով վերջակետ դրեց խաղին:
Նշենք, որ Հայաստանի հավաքականի մոտ ոչինչ չէր ստացվում առջևի գծում: Միակ դեպքը եղավ այն, որ 57-րդ րոպեին Սարգիս Ադամյանը գրավեց ֆանսիացիների դարպասը, սակայն մրցավարները խաղից դուրս վիճակ նկատեցին գերմանական «Հանզայի» հարձակվողի մոտ:
Մեր հավաքականը 5 խաղից հետո վաստակել է ընդամենը 3 միավոր և Բելառուսի հավաքականի հետ կիսում է վերջին 4-5 տեղերը, իսկ առաջատարը Ֆրանսիայի ընտրանին է, որը բոլոր 5 հանդիպումներում էլ հաղթել է:
Մրցաշարային աղյուսակն 5-րդ տուրից հետո՝
1.Ֆրանսիա — 15 միավոր
2. Իսլանդիա — 12 միավոր
3. Ղազախստան — 6 միավոր` մեկ խաղ ավել է անցկացրել
4. Հայաստան — 3 միավոր
5 . Բելառուս — 3 միավոր
Չորս օր անց, նոյեմբերի 19-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը Բորիսովում կհյուրընկալվի Բելառուսի հավաքականին: