ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը նամակ է հղել Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին, ով իր դժգոհությունն էր հայտնել Մեսսիին և Ռոնալդուին համեմատելիս Բլատերի արած հայտարարության կապակցությամբ։ Հիշեցնենք, որ երեկ Բլատերն ասել էր, որ «Ռոնալդուն ավելի շատ ժամանակ է անցկացնում վարսավիրանոցում, քան Մեսսին»՝ նշելով, որ իր նախապատվությունն արգենտինացու կողմն է։
«Ձեր նամակի բովանդակությունն ինձ զարմացրեց։ Կցանկանայի նշել, որ Օքսֆորդում ելույթի ժամանակ չեմ քննարկել «Ոսկե գնդակի» թեկնածուներին։ Ելույթիս վերջում ինձ խնդրել են համեմատել Ռոնալդուին և Մեսսիին՝ ընտրելով նրանցից մեկին։ Ասել եմ, որ Մեսսին նման է մի տղայի, ում յուրաքանչյուր մայր կուզենար ունենալ։ Սակայն ցանկանում եմ բացատրել, որ Ռոնալդուն գտնվում է նույն մակարդակին, ինչ Մեսսին։ Նրանք յուրաքանչյուրն էլ հիասքանչ ֆուտբոլիստներ են։ Շատ եմ ցավում, որ այս իրավիճակը նման արձագանք ստացավ, ինչի համար ներողություն եմ խնդրում։ Երբեք նպատակ չեմ ունեցել կշտամբելու կամ անհարգալից վերաբերմունք ցուցադրելու «Ռեալի», նրա խաղացողների և երկրպագուների նկատմամբ», — ասել է Բլատերը։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն։
Նմանատիպ նամակ Բլատերը հղել է նաև Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիային։