տուն Հասարակություն Ֆիրդուսու շենքը առաջին տպարանի ճակատագրին չի արժանանա

Ֆիրդուսու շենքը առաջին տպարանի ճակատագրին չի արժանանա

383
0

Պատմամշակութային արժե՞ք, թե՞ իզուր տեղը մեծ աղմուկ կամ անհիմն անհանգստություն: Այսպես կարելի է բնութագրել օրեր առաջ Երեւանի քաղաքապետարանում թեժ խորհրդակցությունը Ֆիրդուսու կառուցապատման ծրագրի վերաբերյալ:

Ակտիվիստները պահանջում են չեղարկել նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք սկսված ծրագիրը, ըստ որի`Ֆիրդուսու 80 հասցեում պետք է սկսվի շինարարություն: Նրանք պնդում են 19-րդ դարավերջի կառույց` աղյուսե շենք կա այդ հատվածում, որը պետք է պահպանել: Կառավարությունից խոստանում են աղյուսները համարակալել` հետագայում որպես թաղամասում կառուցվելիք շենքերից մեկի ֆասադ օգտագործելու համար: Ավելին, կառավարության ներկայացուցիչը տեղեկացրեց`  Ֆիրդուսու 80 հասեցում գտնվող շենքը հուշարձանների ցանկում չկա, նույնիսկ իրար հակասող փաստաթղթեր կան:

Չնայած այս հակասությանը, Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարեց`եթե կան հուշարձաններ այդ տարածքում, ապա պատրաստ են դրանք տեղափոխել, բայց Ֆիրդուսու ծրագիրը պետք է իրականացվի:

Ինչ է նախատեսվում այդ ծրագրով, եւ դա ինչ է տալու հանրությանը: Araratnews.am-ին հայտնի են դարձել  Ֆիրդուսու ծրագրից որոշ մանրամասներ: Մոտավորապես 70 միլիոն ԱՄՆ դոլար են ներդրել գործարարները հողերի ձեռք բերման համար: Ֆիրդուսի թաղամասի 100-ից ավելի ընտանիքներ 2018 թ-ից ստացել են նոր հարդարված բնակարաններ կամ գումարային փոխհատուցում՝ միջինը 1.200-1.300 ԱՄՆ դոլար 1 քմ-ի դիմաց: Մինչ 2018 թվականի ապրիլ ամիսը այդ գումարը կազմում էր միջինում 600-700 ԱՄՆ դոլար: Ընդհանուր առմամբ, ծրագրի իրագործմամբ հնարավոր է եղել լուծել Գինու կոմբինատում 331 ընտանիքի և Կոնդ թաղամասում 107 ընտանիքի բնակարանների տրամադրման հարց: Այսինքն` գումարային 438 ընտանիքի հարց է լուծվել:

Թե կոնկրետ ինչ են կառուցելու ներդրողները, դեռ հստակ չէ, քանի որ բանակցությունները շարունակվում են: Հստակ չէ նաև այն հարցը, թե արդյոք նախկին իշխանության օրոք 600-700 դոլար փոխհատուցում ստացածները պետք է նորից փոխհատուցում ստանան:

Արդյոք հնարավոր է հրաժարվել այդ ծրագրից: Արթուր Մեսչյանը խոստովանեց` ոչ, քանի որ ներդրողները դատական պրոցեսներով պետությանը ծանր ֆինանսական դրության մեջ կգցեն, կպահանջեն իրենց գումարները: Ի վերջո, նրանք մեղավոր ու պատասխանատու չեն երկրի քաղաքական փոփոխությունների համար:

Ինչո՞ւ է այս կարևոր Ֆիրդուսու կառուցապատման այս եւ ընդհանրապես մայրաքաղաքում նման ծրագրերի իրականացումը: Նախ, ցավոք, պետք է արձանագրենք, որ նախկին իշխանության օրոք պատմամշակութային շատ հուշարձաններ անտերության մատնված էին կամ ավերվեցին, կամ բիզնես շահը գերակա համարելով` ապամոնտաժեցին: Հուշարձանների ցանկի անփոփոխ թողնելը, միտումնավոր որոշ կառույցներ այնտեղ չներառելը եւս նորություն չէ: Հիշեցնենք` ԱՕԿՍ-ի շենքին վերաբերող ոստիկանության բացահայտումը, առաջին տպարանի պայթեցումը, որն անգամ անակնկալի էր բերել նախկին իշխանավորներին:

Երկրորդ` նոր իշխանությունն ի դեմս Նիկոլ Փաշինյանի, Արթուր Մեսչյանի, հայտարարել է` որեւէ հուշարձան այլեւս չի քանդվելու, ու արել են քայլեր: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հուշարձանների մասին օրենքում փոփոխություն է առաջարկում, ըստ որի` նորահայտ հուշարձանները եւս կընդգրկվեն հուշարձանների ցուցակում: Երրորդ` նման ծրագրերով մայրաքաղաքի տարբեր անկյուններ, հատկապես կենտրոնը, կարգի է բերվում, ստեղծվում են նոր աշխատատեղեր, որոնք հատկապես այսօր՝ կորոնավիրուսի օրերին, խիստ անհրաժեշտ են: Իսկ եթե ամեն ինչին ձեռք չտալու սկզբունքով առաջնորդվեն, ապա որեւէ շինարարություն մայրաքաղաքում չպետք է լինի:  Ուստի, կարծում ենք, ծրագրին դեմ եղողները գուցե մտածեն, պահանջեն` պահպանել 19-րդ դարի այդ կառույցից պահպանված հատվածի ճակատը` որպես հին Երեւան,  քանի որ շենքից ոչինչ չի մնացել:

Ի դեպ, այս պրակտիկան կիրառվում է աշխարհի զարգացած երկրներում: