տուն Տնտեսական Ֆիննախ. Գործատուների 99%-ը հաշվարկել և պահումներ է կատարել կուտակային կենսաթոշակների գծով

Ֆիննախ. Գործատուների 99%-ը հաշվարկել և պահումներ է կատարել կուտակային կենսաթոշակների գծով

205
0

748023

ՀՀ ֆինանսների նախարարությունը այսօր հաղորդագրություն է տարածել կուտակային վճարները մինչև փետրվարի 20-ը գանձելու պարտավորության և այդ մասին նախարարության ու ՊԵԿ-ի երեկ տարածած հայտարարության մասին:

«- Եթե Դուք ծանոթացել եք ֆինանսների նախարարության և պետական եկամուտների կոմիտեի համատեղ հայտարարությանը, հղում է արված համապատասխան՝ «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի կոնկրետ հոդվածի վրա. այդ հոդվածը, ինչպես նաև մի շարք այլ հոդվածներ, կասեցված չեն և գործում են: Կոնկրետ այդ հոդվածը սահմանում է գործատուների պարտավորությունը՝ վճարել իրենց աշխատակիցների պարտադիր կուտակային վճարները: Այսօրվա դրույթամբ՝ գործատուների ճնշող մեծամասնությունը, գրեթե 99 տոկոսը, արդեն հաշվարկել է գումարները և արդեն պահումներ կատարել իրենց աշխատակիցներից: Համաձայն օրենսդրության՝ դրանից հետո նրանք պարտավոր են գումարը փոխանցել գանձապետարանում բացված միասնական հաշվին: Հակառակ պարագայում հետևյալ հարցն է ծագելու՝ եթե իրենք պահել են իրենց աշխատակիցների գումարները և չեն վճարել կամ վճարելու այդ հաշվին, ապա ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ գործատուն պահել է աշխատակցից գումար, և, կոպիտ ասած, այդ գումարներից տոկոս է աշխատել: Այն դեպքում, որ եթե փոխանցած լիներ, այդ նույն եկամուտներն ու տոկոսները կստանային արդեն աշխատակիցները: Այս առումով գործատուները կարող են ենթարկվել կրկնակի պատասխանատվության: Մի կողմից աշխատակիցներն են կարող համապատասխան պահանջ ներկայացնել կորցրած տոկոսները, կորցրած եկամուտները ստանալու մասին: Մյուս կողմից՝ պետությունը նույնպես լծակներ ունի, և այն դեպքերում, երբ աշխատակիցների գումարներն արդեն պահվել են, և գործատուն, չնայած պահել է, չի վճարել դրանք աշխատակցի հաշվին, ապա համապատասխան պատասխանատվության միջոց կա օրենքում: Եվ այդ պատասխանատվության միջոցը կիրառելուց հետո նշված գումարները ոչ թե մուտք են լինում պետական բյուջե, այլ կոնկրետ աշխատակիցների հաշիվներին, որովհետեւ դա իրենց կորցրած գումարներն են:

— Պարոն նախարար, Սահմանադրական դատարանն ազատել է պատասխանատվությունից վճարումներ չկատարելու դեպքում, մինչև մարտի 28-ը որոշումը… եթե ազատված են այդ պատասխանատվությունից, ինչո՞վ եք պարտավորեցնում:

— Ես չեմ մեկնաբանում: Չեմ ուզում և իրավունք էլ չունեմ մեկնաբանելու ՍԴ որոշումները, բայց իմ տարրական գիտելիքները իրավունքի մասին ասում են, որ պատասխանատվությունը տարբեր տեսակի է լինում: Այն պատասխանատվությունը, որը գործատուն կրում է պետության առջև, ինչի մասին նաև դուք եք խոսում, բայց կա հետևյալ հարցը. եթե գործատուն գանձել է, ըստ էության, ձեզնից, ինձնից, այլ աշխատողից գումարը և պահել է իր հաշվին, իրավունք ու՞նի աշխատակիցը պահանջել իր կորցրած եկամուտները, թե ոչ: Եվ արդյո՞ք կրում է պատասխանատվություն գործատուն իր աշխատակիցների առջև: Պատասխանն այստեղ միանշանակ է՝ այո, կրում է նա պատասխանատվություն, և պետությունը, նաև որպես աշխատողների իրավունքները պաշտպանող, հետևողական է լինելու, որպեսզի գործատուները չպահեն աշխատողների գումարները, և իրենք չստանան դրանց տոկոսներն ու եկամուտները»,- ասված է այդ հաղորդագրության մեջ: