ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուքում» հրապարակել է տեղեկատվություն եւ փաստաթուղթ՝ ծխախոտ արտադրող «Ֆիլիպ Մորիս» ընկերության մասին: Ըստ այս փաստաթղթի՝ 1989 թվականին Թուրքիայի կառավարությունը դիմել է «Ֆիլիպ Մորիս» ընկերությանը, որպեսզի ազդեն ԱՄՆ քաղաքական գործիչների վրա եւ չընդունեն Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը:
Araratnews.am-ը զանգահարեց «Ֆիլիպ Մորիս» ընկերության Հայաստանի մասնաճյուղ՝ պարզաբանում լսելու: «Ընկերությունն առաջիկայում այդ հայտարարությանը կանդրադառնա»,- պատասխանեցին «Ֆիլիպ Մորիսից»:
Հ.Գ. Սակայն «Վիկիպեդիայում» «Ֆիլիպ Մորիս» ընկերության մասին ուշագրավ տեղեկություն կա: 1987-ին «Ֆիլիպ Մորիս ինթերնեյշնլը» (PMI) գրանցվեց «Ֆիլիպ Մորիս քոմփանիս միավորում» (Philip Morris Companies Inc): Իսկ 2001 թ. ընկերության գլխավոր կենտրոնը տեղափոխվեց Շվեյցարիա: 2003-ին «Ֆիլիպ Մորիս քոմփանիս միավորումը» (Philip Morris Companies Inc) վերանվանվեց «Ալտիրա» գրուպ: Իսկ «Ֆիլիպ Մորիս ինթերնեյշնլը» 2008 թվականին առանձնացավ «Ալտիրա» գրուպից:
Սա նշանակում է, որ գուցե «Ֆիլիպ Մորիս» ընկերության Հայաստանի մասնաճյուղը կապ չունի Արսեն Թորոսյանի գրառման հետ, հետևաբար՝ հարցի հասցեատերը բոլորովին այլ ընկերություն է:
Սոնա Դավթյան