տուն Հասարակություն Ֆեյքերի ազդեցությունը վերացնելն ավելի լուրջ խնդիր է. Սամվել Մարտիրոսյան

Ֆեյքերի ազդեցությունը վերացնելն ավելի լուրջ խնդիր է. Սամվել Մարտիրոսյան

246
0

16 տարի առաջ` 2004 թվականի փետրվարի 4-ին, Մարկ Ցուկերբերգն ու իր հետ միևնույն սենյակում բնակվող համալսարանական ընկերները` Էդուարդո Սավերինը, Քրիս Հյուզը և Դասթին Մոսկովիցը, միասին ստեղծեցին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը համամիտ է, որ հայերս առավել ակտիվ ենք հենց այս սոցցանցում:

Նրա կարծիքով` հատկապես «Ֆեյսբուք»-ի պոպուլյար լինելու պատճառն այն է, որ ամբողջ քաղաքական, հասարակական դաշտը տարիներ շարունակ այստեղ է եղել ակտիվ, լրատվականները այստեղ են նյութերը տեղադրել և մարդկանց ներգրավել են այս հարթակ:

«Ֆեյսբուք»-ը հսկայական դեր ունեցավ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած Թավշյա հեղափոխության ժամանակ: Շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները այս հարթակն օգտագործելով էին մարդկանց տեղյակ պահում հետագա քայլերի, հնարավոր վտանգների մասին: Հեղափոխությանը ֆիզիկապես չմասնակցող մարդիկ անմասն չէին մնում իրադարձություններից նաև ֆեյսբուքյան ուղիղ եթերների շնորհիվ: 

Այսօր «Ֆեյսբուք»-ի հայկական տարածքը բավականին քաղաքականացված է: Իշխանությունը և ընդդիմությունը մեղադրում են միմյանց ֆեսյբուքյան ֆեյքերի միջոցով քաղաքականութուն իրականացնելու մեջ: Սամվել Մարտիրոսյանը համոզված է, որ ֆեյքերի դեմ պայքարի հարցում նույնիսկ աշխարհը լուրջ հաջողություններ չի գրանցել։

««Ֆեյսբուք»-ն ինքը ֆեյքերին ջնջում է. տարվա ընթացքում մի քանի միլիարդ ֆեյքեր են ջնջվում, ու հայկական ֆեյքերը սրանից անմասն չեն մնում: Մյուս տարբերակը. եթե դուք ֆեյքի եք հանդիպում, բողոքելու մեխանիզմ կա։ Այսինքն` ամեն պրոֆիլի վրա կարելի է բողոք ուղարկել` նշելով, որ այն ֆեյք է, դա այնքան էլ լավ չի աշխատում, այնուամենայնիվ, ինչ-որ տոկոս «մաղել» լինում է»,- նշում է փորձագետը:

Ըստ Սամվել Մարտիրոսյանի` հիմա կան ֆեյքեր, որոնց նայելով հասարակ մարդը երբեք չի հասկանա, որ գործ ունի ֆեյքի հետ.

«Ֆեյքեր կան, որ տարիներով են «բուծվել»: Լինում է նաև, որ օգտատիրոջ հին պրոֆիլը կոտրում են և օգտագործում, ու դու երբեք չես հասկանա, որ դա կեղծ օգտատեր է: Անցել են այն ժամանակները, երբ զուտ ստեղծման տարեթվով կարելի էր զատել իրական կամ ֆեյք լինելը, այնպես որ՝ այսօր պետք է նայել ոչ թե ով է գրում, այլ` ինչ է գրում»,- ասում է փորձագետը, հավելելով, որ ֆեյքերի ազդեցությունը վերացնելը ավելի լուրջ խնդիր է: Մարդկանց պետք է կրթել ու բացատրել, որ պետք չէ ամեն բանի հավատալ ու ամեն ինչը տարածել:

Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ «Ֆեյսբուք»-ը քաղաքականացված է համարյա բոլոր երկրներում։ «Օրինակ՝ հիմա ԱՄՆ-ում ընտրություններ են սպասվում, և այս հարցով այնտեղ նույնպես շատ լուրջ մտահոգված են»,- ասաց նա:

Տեղեկատվական անվտանգության փորձագետի խոսքերով` ներկայում «Ֆեյսբուք»-ի հայկական տարածքում աճ չի նկատվում. առկա է արտահոսք դեպի «Ինսթագրամ»։ «Ինսթագրամ»-ում գրանցվում են այն մարդիկ, ովքեր հոգնել են քաղաքականությունից: