տուն Uncategorized Օֆշորային խարդախությունների գեղեցիկ այլընտրանքը

Օֆշորային խարդախությունների գեղեցիկ այլընտրանքը

246
0

Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի քննադատները սովորաբար այն բնորոշում են ոչ թե որպես պետություն, այլ բիզնես նախագիծ: Հայաստանի Հանրապետության համար նման մոդելների կիրառումը համարում են վտանգավոր, ազգակործան, քանի որ դրանք կառավարվում են ոչ թե հանրության, ազգային շահերից ելնելով, այլ համաշխարհային խոշոր կորպորացիաների կողմից:

 

Չքննարկելով նման մոտեցումը՝ դիտարկենք ՀՀ-ում ներկայումս գործող իրական  պետական մոդելը: Ստացվում է այն, ինչի մասին վերևում ասվեց, ուղղակի դրա ավելի վատ` կեղծ տարբերակը: Պետական կառավարման ապարատը ոչ թե իրագործում է ՀՀ ֆիզիկական տարածքում բնակվող բնակիչների միջև կնքված հանրային պայմանագիրը` ստեղծելով համակեցության ավելի բարենպաստ պայմաններ, այլ մի քանի տասնյակ հանցագործների խմբակ է` ներքին բիզնես ՙռազբորկաները՚ կարգավորելու համար: Այս ամենը իր վառ արտացոլումն է գտնում նաև իրականացվող մշակութային, սպորտային միջոցառումներում, երբ դրանք հովանավորվում են բարերարի դիմակի տակ թաքնված օլիգարխների կողմից` ՀՀ բնակչությունից և պետական բյուջեից ՙատկատների՚ միջոցով թալանված գումարների հաշվին:

 

Իսկ Անկախության տոնի միջոցառումները դրա գագաթնակետն էին: ՀՀ պետական տոներից թերևս ամենակարևորը նշվում էր մի ինչ-որ երգչուհու մենահամերգով, որի հանդեպ վերաբերմունքը առնվազն հանրության կեսի կողմից, մեղմ ասած՝ բացասական է: Այսինքն՝ ինքնորոշված մի ողջ ժողովրդի ազգային արժանապատվությունը իջեցվեց նունեեսայանական մակարդակի: Սա հստակ ծրագրավորված քաղաքականություն է` թերևս կապված ՀՀ-ն Մաքսային միություն, կամ որ նույնն է՝ Ռուսական կայսրություն մտցնելու ցանկության հետ: Սակայն Անկախության տոնը այսքանով չսահմանափակվեց: Պարզվեց, որ համերգը ՀՀ հարկատուների գրպանին արժեցել է 54 691 400 դրամ(135000) դոլար, որը,  ոչ ավելի, ոչ պակաս, փոխանցվել է  ՙՆունե Եսայան՚ բարեգործական ՀԿ-ին և ձևակերպվել իբրև արվեստի ոլորտում քաղաքացիական հասարակության տեղեկացվածության և հաղորդակցման բարձրացմանը ուղղված միջոցներ:

 

Եթե միջոցները փոխանցվել են բարեգործական կազմակերպության, ապա կարելի է ենթադրել, որ դրանք պետք է ուղղվեն բարեգործական միջոցառումների իրականացմանը, սակայն տվյալ պարագայում ոչ Նունե Եսայանը, ոչ ՀՀ կառավարությունը դա շեշտելու առիթը բաց չէին թողնի: Հետևաբար, այս պայմաններում գործ ունենք դասական ատկատի երևույթի հետ` ամենաբարձր մակարդակով: Փաստորեն, միանգամից մեծ գումարներ աշխատելու համար այլևս անհրաժեշտ չէ օվշորային գոտիներում ընկերություններ բացել, բարդ գործարքներ իրականացնել, այլ ընդամենը կարելի է իրականացնել մշակութային գեղեցիկ միջոցառում և ստանալ ՙատկատները՚:

 

Չէ՞ որ Սերժ Սարգսյանը ակնարկել է, որ կարևորը՝ գեղեցիկ լինի ամեն ինչ, օրինականությունը երկրորդական է: Ամեն դեպքում, այս թեմայում պակասում է Կճոյանը: Գուցե նոր` Տիգրան Սարգսյան — Հասմիկ Պողոսյան զույգ է ձևավորվել: Սպասենք, տեսնենք… Հասմիկ Պողոսյանին բենթլիով:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here