տուն Լուրեր Օր առաջ ազատվել այս իշխանություն կոչվածից և խաբեբա նախագահից.Աշոտ Գրիգորյան

Օր առաջ ազատվել այս իշխանություն կոչվածից և խաբեբա նախագահից.Աշոտ Գրիգորյան

279
0

arm135004033943

Մաքսային միություն ընթացող Հայաստանի Հանրապետության քայլերը զարմացնում են անգամ ռուս պաշտոնյաներին: Շատերը կարծում են, որ Հայաստանը այլևս չի կարող կանգնել եվրոպական ուղու վրա, քանի որ իշխանությունների թեթև ձեռքով երկիրը այլևս ընտրության հնարավորությունը կորցրել է: Այս խնդրի վերաբերյալ AraratNews.am-ը զրուցեց Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ.

 

Պարոն Գրիգորյան, անգամ ռուս պաշտոնյաներն են զարմացած այն թափից,  որով Հայաստանը գնում է Մաքսային Միություն: Ձեր կարծիքով, Հայաստանի համար Եվրոպական ուղին այլևս անհնա՞ր է:

 

— Եթե հետևեք Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահության ելույթներին ու երկու բաց նամակներին, ապա Ձեր հարցերի պատասխանները հստակ կգտնեք: Որպեսզի ժողովուրդը հասկանա, թե որն է իր համար ճիշտ ուղինˋ պետք է ունենա գրագետ նախագահ և կառավարություն: Մեր պարագայում՝ դա բացակայում է։ Նախագահը վարում է «խաղատնային» քաղաքականություն, այսինքն իր մտային կառուցվածքին համապատասխան, հանպատրաստից որոշումներ է ընդունում, որի արդյունքում կորցրել է վստահությունը և՛ եվրոպական, և՛ ռուս գործընկերների, և՛ ամենակարևորն՝ իր սեփական ժողովրդի մոտ: Տարիներ շարունակ նա և վարչապետը խոսել են եվրոպական ուղղության գերակայության մասին, նույնիսկ ռուսկան կողմին զայրացնելու աստիճան, առանց հաշվելու, գնահատելու ռուսական հակազդեցության հնարավոր չափն ու ուժը, և ամենավերջում, սթրեսի պայմաններում ծնկի են եկել, ամեն ինչ կորցնելու վտանգի տակ զիջել և խայտառակ հեղինակազրկված, խոսելու, բողոքելու իրավունքը կորցրած վիճակում ստորագրել են մի փաստաթուղթ, որի իրավունքը ժողովուրդը չէր տվել: Եվ ամենասարսափելին այն է, որ նախագահ Սարգսյանը կորցրեց, այդ ճանապարհին ԵՄ-ի հետ հավասար համագործակցելու հնարավորությունն ու դարձավ Ռուսաստանի համար անարժեք մի գործընկեր: Էլ չենք խոսում այն մասին, թե ինչ շահեց Ադրբեջանը մեր կորցրած հնարավորությունների ֆոնի վրա:

 

Բավական շատ է խոսվել այս իրավիճակից դուրս գալու ճանապարհների մասին, սակայն խնդրում ենք նշեք այն ճանապարհը, որով պետք է գնան ՀՀ քաղաքացիներըˋ իշխանությունների կայացրած որոշումը փոխելու համար:

 

Այս դեպքում պատասխանը հստակ է. մեկ օր շուտ ազատվել այս իշխանություն կոչվածից և խաբեբա նախագահից: Ինչպե՞ս. պատասխանը ԵՀՄՖ-ն նույնպես տվել է. միավորվել «Համահայկական ազգային Ճակատի» ներքո և պահանջել նախագահի շուտափույթ հրաժարականը: ԵՀՄՖ-ն պատրաստ է արհեստավարժ, եվրոպական կրթությամբ ու մտածելակերպով զինված կառավարություն ներկայացնել, որը երկու տարվա ընթացքում կմաքրի երկիրը պարտքերից ու արդյունաբերությունը կվերածնիˋ բերելով իր երբեմնի բարձր մակարդակին, որից հետո թափանցիկ ընտրությունների միջոցով ձևավորված Ազգային Ժողով կազմած կուսակցություններին կհանձնի կառավարություն կազմակերպելու պատասխանատու գործը: Այլ ճանապարհ մենք չենք տեսնում, բացի արհեստավարժ ժամանակավոր կառավարություն կազմելու հրատապ պահանջն իրականացնելու ուղուց:Եվ այդ ծանր ու պատասխանատու գործը ԵՀՄՖ-ն պատրաստ է իր վրա վերցնել և իրականացնել: ԵՀՄՖ-ն ունի հսկայական ռեսուրսներ և՛ Հայաստանում և՛ արտերկրում աշխատող հայաստանցիների շարքերում: Բացառիկ արհեստավարժ երիտասարդները և մեծ փորձ ունեցող միջին սերնդի բարձր մենեջերական դպրոց ունեցող արհեստավարժները հզորացնում են այլ երկրների տնտեսությունը: Ընդ որում նրանց ընտրության հարցում մեր կրիտերիան եղել է ամենից առաջ ազնիվ, պարկեշտ և արհեստավարժ կադրերի ընտրություն կատարելը: ԵՀՄՖ-ն պատրաստ է ժողովրդի համարˋ իր կատարած անշահախնդիր գործունեության ֆոնի վրա, ինչպես նաև ազգանպաստ գործունեության փայլուն արդյունքներ ցուցաբերած գործընթացի հիման վրա հայտարարելու, որ այս ծանր և ինքնազոհողություն պահանջող գործը նույնպես կարող է կատարել առանց թերացման և ազգի վստահությանն արժանանալու ճանապարհով:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here