տուն Քաղաքական Հայաստան Օրը քանի՞ անգամ կարող են քաղաքացիներին տուգանել դիմակ չկրելու համար. պարզաբանում

Օրը քանի՞ անգամ կարող են քաղաքացիներին տուգանել դիմակ չկրելու համար. պարզաբանում

352
0

Պարետի որոշման համաձայն՝ հանրային բաց և փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է: Եվ դիմակ չկրող յուրաքանչյուր անձ տուգանվում է 10 000 դրամով:

Արտակարգ դրությունը ևս մեկ ամիս երկարաձգելուց հետո նաև որոշում կայացվեց, որ տնից դուրս գալիս պարտադիր կերպով դիմակ կրելուց զատ, պարտադիր է նաև անձը հաստատող փաստաթուղթ ունենալը, հակառակ դեպքում քաղաքացին կտուգանվի կրկին 10 000 դրամի չափով:

Իրավախախտ քաղաքացիներին տուգանելու բազմաթիվ հայտարարություններ եղան: Ականատես եղանք նաև, որ ԱԺ ԲԿՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նույնպես տուգանվեց դիմակ չկրելու համար, այն էլ երկու անգամ:

Հանրությանն իրազեկելու նպատակով կապ հաստատեցինք փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանի հետ, որպեսզի ճշտենք, թե դիմակ չկրող քաղաքացուն օրը քանի անգամ կարող են տուգանել:

Մենք ներկայացրեցինք մի այսպիսի իրավիճակ: Ենթադրենք, քաղաքացուն տուգանել են դիմակ չկրելու համար: Եվ այդ օրվա ընթացքում նույն քաղաքացին կրկին` առանց դիմակ կրելու, շրջում է փողոցում և հայտնաբերվում: Այս դեպքում ինչպե՞ս է հարցը կարգավորվում:

Մեր հարցերին Վահան Հունանյանը պատասխանեց, որ կապ չունի այն հանգամանքը, որ իրավախախտ քաղաքացին տուգանվել է մեկ անգամ:

«Օրինակ, եթե քաղաքացին տուգանվելուց չորս ժամ հետո կրկին խախտել է կարգը՝ այս դեպքում ևս մեկ անգամ տվյալ անձը կտուգանիվի: Եվ ամենևին կապ չունի, որ այդ օրն արդեն մեկ անգամ նա տուգանվել է»,- հայտնեց փոխվարչապետի մամուլի խոսնակը:

Վահան Հունանյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ իրենց նպատակը ամենևին էլ  մարդկանց տուգանելը չէ.

«Կարևորը դիմակ կրելն է: Քանի որ դիմակ կրելով՝ մարդիկ կանխում են վիրուսի տարածումը»:

Եվ այսպես`ստացվում է, որ դիմակ չկրող անձը կտուգանվի յուրաքանչյուր անգամ 10 000 դրամի չափով, եթե մեկ օրվա ընթացքում կարգը խախտի նույնիսկ տասը անգամ: Հետևաբար՝ տասն անգամ էլ կտուգանվի:

Այնպես որ՝ պահպանեք ձեր և ձեր դիմացինի առողջությունը, կրեք դիմակներ և հետևեք պարետատան ցուցումներին: Քանի որ համակեցության կանոնների պահպանումը կբերի վարակի տեմպերի նվազման:

Հայկ Մագոյան