տուն Լուրեր Օրը ցերեկով սովորական դարձած կրակոցներով երկի՞ր. փաստաբանը մանրամասնում է Վերնիսաժի կրակոցները

Օրը ցերեկով սովորական դարձած կրակոցներով երկի՞ր. փաստաբանը մանրամասնում է Վերնիսաժի կրակոցները

89
0

932

Մայիսի 17-ին վերնիսաժի տարածքում հնչած կրակոցներից հարուցված քրեական գործով Վալերի Հովհաննիսյանի շահերը պաշտպանող  փաստաբան Լևոն Բաղդասարյանը պնդում է, որ իր պաշտպանյալը պետք է տուժող ճանաչվի, այնինչ նա այսօր վկա է այդ գործում:

«Այդ կրակոցներից տուժած Վալերի Հովհաննիսյանը ենթարկվել է վիրահատության: Անցել է մի ամիս, բայց նա դեռ տուժող չի ճանաչվում: Բայց ոչ միայն Վալերին պետք է տուժող ճանաչվի, այլ նաև նրա հայրը, ում պատկանող մեքենայի մեջ նա ստացել է հրազենային վնասվածք: Դիմում ենք պատկան մարմիններին, որպեսզի հայտնաբերեն մեքենան, քանի որ չի բացառվում, որ մեքենայի մեջ լինեն հանցագործության հետքեր: Պետական պաշտոնատար անձը պետք է շահգրգռված լինի գործի բացահայտմամբ, որ հետագայում բացառվեն օրը ցերեկով մարդաշատ վայրում նման բաներ կատարելը: Ինչպիսի՞ երկիր ենք ուզում ունենալ` օրը ցերեկով, սովորական դարձած, կրակոցներով երկի՞ր: Պետք է նպաստենք, որ հակառակ կողմերում կանգնած մարդիկ միմյանց հանդուրժել կարողանան»,- ասում է փաստաբանը:

«Ունենք մտահոգություններ, որ կարող են սուբյեկտիվ գործարքներ տեղի ունենան, և իմ պաշտպանյալն էլ մեղադրյալ դառնա։ Դրա համար պնդում ենք, որ մեքենան հայտնաբերվի և ի հայտ գան հանցագործության հետքերը: Այո, նախապես եղել է վեճ, բայց ով է ասում, որ վեճն անպայման կրակոցով պետք է ավարտվի: Իմ պաշտպանյալն արդեն ցանկացել է հեռանալ մեքենայով, դուռը բացել և նրա վրա կրակել են: Քրեական դատավարության 54-րդ հոդվածն ամրագրում է, որ երբ քրեական գործով մարդը ստանում է մարմնական, բարոյական, նյութական վնաս, պետք է ճանաչվի տուժող: Իմ վստահորդն այսօր վկա է»,- ասում է Լ. Բաղդասարյանը: